Հայաստանի կառավարության տվյալներով Արցախից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար մարդ։ Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում բռնի տեղահանված մարդկանց աջակցելու համար, բացի այդ, թափ են հավաքում աջակցության տեղական նախաձեռնությունները․ սովորական քաղաքացիները ևս ցանկանում են օգնել։
Տասնյակ հասարակական կազմակերպություններ և բարեգործական հիմնադրամներ հայտնել են արցախահայերին աջակցելու իրենց մտադրության մասին, սակայն կատարվածի քաոսային բնույթի պատճառով դժվար է կողմնորոշվել՝ ինչ է կոնկրետ անհրաժեշտ։
Հասկանալու համար, թե ինչպես է հարկավոր աջակցել բռնի տեղահանված մարդկանց մենք զրուցեցինք փորձառու կամավորների հետ: Գեորգի Նուրմանովը և Ուստինյան աշխատել են Լեհաստան մուտք գործած ուկրաինացիների հետ, իսկ Ելենա Կոժեմյակինան հենց հիմա աշխատում է հայկական VIVA հիմնադրամում և օգնում է Արցախից տեղահանված բնակիչներին Հայաստանում:
Բովանդակություն
Միջազգային փորձը
Գեորգի Նուրմանով, Russians for Ukraine («Ռուսները՝ Ուկրաինայի համար») կամավորական կազմակերպության հիմնադիրն է:Նա գիտի ժամանակավոր կացարանների աշխատանքի առանձնահատկությունները։ Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին շաբաթներին Գեորգին այլ կամավորների հետ ժամանակավոր ճամբար ստեղծեց Լեհաստանի սահմանամերձ Պրշեմիսլ քաղաքում գտնվող ավտոկայանատեղիի և չգործող առևտրի կենտրոնի տարածքում։ Այնտեղ միաժամանակ կարող էր գտնվել 1500 մարդ։ Ուստինյան այս առևտրի կենտրոնում, ինչպես նաև երկաթուղային կայարանում և Ուկրաինայի տանը աշխատել է որպես կամավոր։ Նա օգնել է փախստականներին կողմնորոշվել Պրշեմիշլից հետո իրենց ճանապարհորդության ուղղության ընտրության հարցում։
Կամավորները նշում են, որ նման արտակարգ իրավիճակները հենց սկզբից տեղեկատվական և կազմակերպչական քաոս են առաջացնում։ Միայն ժամանակի ընթացքում է այն բյուրեղանում՝ որոշակի համակարգի վերածվելով, երբ պետությունը, բարեգործական կազմակերպությունները և տարբեր հիմնադրամները բաժանում են պատասխանատվության ոլորտները։ Բայց համաձայնության գալը դժվար է, ժամանակ առ ժամանակ առաջանում են կոնֆլիկտներ, և մի նախաձեռնությունը խանգարում է մյուսին։ Բացի այդ, Ուստինհան խոսեց այն դեպքերի մասին, երբ ընկերությունները չէին ցանկանում իրենց տեղեկատվությամբ կիսվել կամավորների հետ, ուստի դժվար էր կողմնորոշել փախստականներին, թե որտեղ և ինչպիսի օգնություն կարելի էր ստանալ։
Կացարանի անխափան գործունեության համար պետությունը, Լեհաստանի Կարմիր Խաչի Պշեմիշլի մասնաճյուղը, բարեգործական ՀԿ-ները և ընկերությունները, որոնք ցանկանում են օգնել, իրենց վրա են վերցնում որոշ ոլորտներ, օրինակ՝ դեղորայքի տրամադրում, տրանսպորտի և սննդի տրամադրում (այդուհանդերձ, այստեղ ևս կամավորների կարիք կա): Russians for Ukraine կազմակերպությունը պարզում է և դրամահավաքի շնորհիվ գնում է փախստականներին անհրաժեշտ ապրանքներ, ներգրավում է կամավորների։
Ինչպե՞ս է գործում ժամանակավոր կացարանը
Փախստականները կարճ ժամանակով մնում են Պրշեմիշլի տարանցիկ կացարանում՝ շունչ քաշելու, մի փոքր ուշքի գալու, տաքանալու, հասկանալու, թե ուր պետք է շարժվեն։ Հենց որ տեղահանվածները հասնում են կացարան, նրանց դիմավորում են կամավորները, սնունդ են առաջարկում, այնուհետև գրանցում են ցուցակում և տալիս են անհատական թևնոց։ Կարևոր կետերից է այն, որ հասարակական կազմակերպությունները անձնական տվյալներ պահելու իրավունք չունեն, ուստի տարանցիկ կացարաններում չեն գրանցում, օրինակ, անձնագրի համարները։
Լուսանկարը՝ wikimedia.org
Եթե անձը բժշկական օգնության կարիք ունի, ապա կամավոր բժիշկները հետազոտություն են անցկացնում, առաջարկում են անհրաժեշտ դեղամիջոցներ և ուղղորդում են բժշկական կենտրոններ։ Բարեգործական կազմակերպությունները պատասխանատու են դեղորայքի տրամադրման համար։ Ուստինյան պատմեց այն դեպքերի մասին, երբ ժամանելուն պես առողջական լուրջ խնդիրներ ունեցող տուժածներին անմիջապես տեղափոխում էին քաղաք՝ շտապօգնության մեքենաներով։ Շտապօգնության բրիգադը և երբեմն տեղացի վարորդները օգնում էին հիվանդանոց հասցնել անկողնային հիվանդներին, սակայն ժամանակի ընթացքում մեքենաներ սկսեցին տրամադրել նաև կամավորները։
Տարանցիկ կացարանի հիմնական նպատակը մարդկանց ուժերը համալրելու հնարավարություն տալն է: Սահմանին տեղահանված մարդիկ հանգստանում են, քնում այնքան, որքան հնարավոր է։ Բացի մուտքի մոտ տրամադրվող սննդից, նրանք կարող են սնունդ ստանալ նաև ճաշարանում։ Պրշեմիսլում խոհանոցով երկար ժամանակ զբաղվում էր մի կազմակերպություն՝ World Central Kitchen-ը («Միջազգային կենտրոնական խոհանոց»),այժմ Կարմիր Խաչը ստանձնել է նաև այս ոլորտը։ Այս պրակտիկան տարածված է տեղահանված մարդկանց ժամանակավոր կացարանների աշխատանքում, ինչպես պարզեցինք այս հոդվածում՝ «Ի՞նչ կառուցվածք ունի տեղահանված անձանց համար նախատեսված ապաստարանը․ կազմակերպիչների և կամավորների փորձը»:Կազմակերպություններն իրենք են հոգում բոլոր ծախսերը, ուստի սնունդ նվիրելու կարիք չկա:
Ուստինյան պատմում է, որ երբ աշխատում էր առևտրի կենտրոն-կացարանում, այնտեղ առանձին սենյակ էր հատկացված լոգիստիկայի հարցով օգնության համար: Կամավորի խոսքով՝ նա դժվարությունների է հանդիպել տեղահանված մարդկանց տեղեկատվություն տրամադրելու հարցում, թե ուր պետք է գնան և ում դիմեն նպատակակետ քաղաքում, քանի որ չկար մեկ տեղեկատվական հարթակ։Տեղեկատվությունը անընդհատ փոխվում էր, իսկ կամավորների մեծ մասը ճամբարում ընդամենը մի քանի շաբաթ էր անցկացնում, և ոչ ոք չկար, որ թարմացներ տեղեկատվությունը։
Որոշ երկրներ փախստականների համար անվճար գնացքներ և ավտոբուսներ էին ուղարկում, այդ կերպ էին վարվում նաև մասնավոր ընկերությունները, օրինակ՝ FlixBus-ը: Այժմ, պատերազմի սկսվելուց ավելի քան մեկ տարի անց, կամավոր վարորդները հաճախ օգնում են մարդկանց հասնել այլ քաղաքներ:
Կյանքը ժամանակավոր կացարանից հետո
Երբ տեղահանված անձինք ժամանում են այն երկիր, որտեղ նրանք նախատեսում են մնալ, նրանց ընդունում են հաջորդ ժամանակավոր կեցության կենտրոնում կամ մարդասիրական կենտրոնում: Այս կազմակերպության խնդիրն է տեղեկացնել փախստականներին օգնության բոլոր տեսակների մասին, որոնք նրանք կարող են ստանալ և օգնել նրանց օրինականացնել իրենց կեցությունը և բնակություն հաստատել երկրում:
Մարդիկ կանգ են առնում նման բարեգործական կենտրոններում՝ մինչև բնակարան ստանալը և անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելը։ Բնակարաններն ու տները կա՛մ հատկացվում են պետության կողմից, կա՛մ առաջարկվում են հոգատար տեղի բնակիչների կողմից: Սա վերաբերում է նաև աշխատատեղերի տրամադրմանը կամ վերապատրաստման դասընթացներին։
Նոր երկրում ապրելու և պաշտոնական օգնություն, ներառյալ նպաստներ ստանալու համար անհրաժեշտ են փաստաթղթեր: Սովորաբար դրանք սահմանը հատելու և փախստականի կարգավիճակի հաստատման վկայականներն են: Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր փաստաթղթերը ստացվում են ոստիկանությունից կամ տեղական այլ իշխանություններից. հումանիտար կենտրոնները կարող են միայն տեղեկատվություն տրամադրել անհրաժեշտ իրավական ընթացակարգերի մասին:
***
Հիմնական եզրակացությունը, որին մենք հանգեցինք Լեհաստանում աշխատած ռուս կամավորների հետ շփվելուց հետո, հետևյալն է. փախստականներին արդյունավետորեն օգնելու համար անհրաժեշտ է համագործակցել, այլ ոչ թե տարբեր և նույնիսկ իրար խանգարող նախաձեռնություններ առաջ քաշել: Կարևոր է տեղեկատվություն փոխանակել աջակցության հնարավորությունների մասին, որպեսզի օգնությունն ավելի արագ հասնի կարիքավորներին:
Աշխատանքը բռնի տեղահանված բնակիչների հետ հետ Հայաստանում
Ռուս կամավորների փորձից ելնելով՝ մենք այժմ գիտենք, թե ինչ օգնություն պետք է ցուցաբերվի տեղահանվածներին։ Մնում է հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը․ ի՞նչ օժանդակ միջոցներ են պահանջվում և ի՞նչ է արդեն ձեռնարկվում։ Այդ նպատակով մենք ուսումնասիրեցինք լրատվական դաշտը և զրուցեցինք «ՎԻՎԱ - Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամի դեսպան Ելենա Կոժեմյակինայի հետ։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը կամավորներն աշխատել են Գորիսի և Վայքի տարանցիկ կետերում և բոլորից լավ գիտեն տեղահանված մարդկանց կարիքների մասին։
Ժամանակավոր կացարաններում տեղահանվածների հետ աշխատել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Կարմիր Խաչը և ՎԻՎԱ հիմնադրամը։ Ինչպե՞ս է դա տեղի ունեցել․
1. Նախարարությունը հարցում է անցկացրել մուտք գործած բնակիչների շրջանում։ Նրանց գրանցել են կայքում՝ rapidneeds.socservice.am (Կարելի է նաև ինքնուրույն գրանցվել): Անձնական տվյալները լրացնելուց հետո նշել են ընտանիքի անդամների թիվը, թե քանի հոգի հոգեբանական օգնության կարիք ունի, ինչ սննդամթերք և հիգիենայի պարագաներ, հագուստ և կենցաղային այլ ապրանքներ են անհրաժեշտ, այդ թվում՝ երեխաների համար դպրոցական պարագաներ։ Վերջում նրանք ընտրել են այն քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ արցախցիները կնախընտրեն ապրել, և գրանցել են հետադարձ կապի հեռախոսահամարը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անհրաժեշտ են կամավորներ։ Թիմին միանալու համար լրացրեք հայտը կայքում՝ https://kamavor.mlsa.am/.
2. Կարմիր Խաչը սնունդ է տրամադրել Գորիսի և Վայքի տարանցիկ կացարաններում գտնվող տեղահանված մարդկանց:
3. ՎԻՎԱ հիմնադրամի կամավոր բժիշկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, օգնել են քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդներին, հիգիենայի միջոցներ, տակդիրներ և դեղամիջոցներ տրամադրել։ Հիմնադրամն ընդունում է նվիրատվություններ հետևյալ հասցեով՝ viva.foundation։ Հենց նույն կայքում կարող եք կապվել ՎԻՎԱ-ի հետ և առաջարկել ձեր օգնությունը որպես կամավոր,ինչ այժմ շատ անհրաժեշտ է։ Կարևոր չէ՝ մեկ ժամ կաշխատեք, կես օր, թե մի քանի օր: Գլխավորը օգնելու ցանկությունն է։ իր սոցիալական ցանցերում։ Հիմնադրամը հրապարակում է անհրաժեշտ իրերի հրատապ ցուցակները։ Օգնության մեկ այլ տեսակ է արյան նվիրատվությունը։ Լրացրեք հարցաթերթիկը ՎԻՎԱ-ի կայքում, և ձեզ կհրավիրվեն բժշկական կենտրոն։
Լուսանկարը՝ Ժենյա Ենգիբարյանի
Հիմնադրամն այժմ բացել է Արցախից բռնի տեղահանված մարդկանց բժշկական օգնության շարժական շտաբ.
- Գորիս, Գուսան Աշոտի փ., 26
- Գյումրի, Գարեգին Նժդեհի փ. , 3
- Հրազդան, Միկրոշրջան, 13 փ., 16/1
- Արտաշատ, Ամո Խազարյանի անվան դրամատիկական թատրոն, Օգոստոսի Քսաներեքի փ. , 101
- Էջմիածին, Շաումյանի փ. , 60
- Վանաձոր, թիվ 5 պոլիկլինիկա, Տարոն-2 թղմ., տ․ 10-1
Աշխատանքի ժամերը՝ ամեն օր 10:00-19:00:
Ավելի շատ բարեգործական նախաձեռնություններ, որոնց վստահում է Move2Armenia-ն, կարող եք գտնել այս հոդվածում՝ «Արցախի օգնության հիմնադրամներ»։.
Այն բանից հետո, երբ մարդիկ մի փոքր հանգստանում և ուշքի էին գալիս նախարարության թիմը նրանց ուղղորդում էր ժամանակավոր կացարաններ։ Արցախցիները կարող են տարածքային հումանիտար կենտրոնների համակարգողներից տեղեկանալ երկարաժամկետ բնակարանային ապահովության և այլ անհրաժեշտ աջակցության, այդ թվում՝ հագուստի և սննդի մասին: Հասցեների ցանկ՝ https://irazekum.am/news/view/23։ Նրանց հարցերին պատասխանում են նաև սոցիալական աջակցության 114 թեժ գծով։ Զգուշացնենք, որ զանգերի մեծ հոսքի պատճառով զանգերին հաճախ անմիջապես չեն պատասխանում։
Կազմակերպությունները և պարզապես անհատները կարող են գրել արցախցիներին օգնելու իրենց հնարավորությունների մասին հետևյալ հասցեով՝ http://map.socservice.am/. Ստացված տեղեկատվությունը կփոխանցվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մարզպետարաններ և տեղական ինքնակառավարման մարմիններ։ Առայժմ այս տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է: Օգնության ձեր տարբերակների մասին կարող եք գրել նաև այս հարթակում՝ https://tikunq.am։ Առաջարկներն անմիջապես հայտնվում են քարտեզի վրա:
List.am կայքում «Արցախի ժողովրդի համար». բաժնում գործատուները, տանտերերը և դոնորները կարող են հայտարարություններ հրապարակել հատուկ տեղահանված արցախցիների համար առաջարկներով:
Արցախցիներն ունեն հայկական անձնագրեր և սոցիալական քարտեր, որպեսզի կարողանան կրթություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, բուժօգնություն ստանալ Հայաստանում։ Եթե փաստաթղթերը կորչեն, հարկավոր է դիմել ոստիկանություն:
Սակայն միայն փաստաթղթերի առկայությունը կարող է բավարար չլինել։ Ըստ Ելենա Կոժեմյակինայի, այո՛, որոշ երեխաներ արդեն տեղավորվել են հայկական դպրոցներում, բայց մեծ է հավանականությունը, որ տեղերը բոլորին չեն բավականեցնի։
Արցախցիների ճնշող մեծամասնությունը պատրաստ է և ցանկանում է աշխատել Հայաստանում, ուստի այժմ կարևոր խնդիր է աշխատատեղերի կազմակերպումը։ Միասնական սոցիալական ծառայության հարթակում՝ https://workforall.am/ կարող եք թափուր աշխատատեղեր տեղադրել, ինչպես նաև աշխատանք գտնել ձեր ընտրած ոլորտում։ Մինչ այժմ հայտնի է 4500 առաջարկի մասին Հայաստանում։ Կարելի է նաև դիմել սոցիալական ծառայության գրասենյակ, գրանցվել, որից հետո աշխատանքի կարիք ունեցողներին պետք է աշխատանք առաջարկեն։ Ուսուցիչների համար թափուր աշխատատեղերը հրապարակված են առանձին կայքում՝ https://license.emis.am/.
Չնայած աշխատանք, բնակարան և տարբեր պարագաներ առաջարկելու և փնտրելու մի քանի հարթակների առկայությանը, դա դեռ բավական չէ։ Կրկնենք՝ Արցախից Հայաստան է եկել ավելի քան 100 հազար մարդ։ Ելենա Կոժեմյակինան կարծում է, որ այժմ նախարարությունները պետք է միավորեն ուժերը, ստեղծեն խորհրդատվական խորհուրդ և մշակեն ռեսուրսների ճիշտ բաշխման և բնակարանային ֆոնդի ձևավորման ծրագիր։ Կարևոր է նաև առաջարկների փաթեթ ստեղծել այն ձեռնարկատերերի համար, ովքեր կընդունեն արցախցի աշխատակիցների և կվերապատրաստեն նրանց։ «Պետությունը պետք է կարողանա բաշխել առաջադրանքները, որպեսզի օգնությունը չցրվի»,- ասում է ՎԻՎԱ-ի դեսպանը։
Հոկտեմբերի 3-ին Move2Armenia-ն հարթակ տրամադրեց հայկական ընկերությունների և պետության ներկայացուցիչների համար։ Ռազմավարական հանդիպման և քննարկման արդյունքում բացահայտվեցին բռնի տեղահանված արցախահայերին աջակցելու տարբերակներ: Դրանց մասին մանրամասն կարդացեք՝ այստեղ.
Սպասենք համակարգված և մտածված որոշումների և հետևենք իրավիճակին։
Ավելացնել մեկնաբանություն