Կապանը Հայաստանի Սյունիքի մարզի ամենամեծ քաղաքն է։ 987 - 1170 թվականներին եղել է Սյունիքի հայոց թագավորության մայրաքաղաքը։ Կապանում այսօր ապրում է մոտ 40 000 մարդ, որոնցից շատերը զբաղվում են թանկարժեք մետաղների արդյունահանմամբ: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենամեծ հանքերից մեկը՝ ոսկու, արծաթի, պղնձի և ցինկի խտանյութի պաշարներով։ Գետնի տակ այնքան չմշակված մետաղ կա, որ որոշ տարածքներ հեշտությամբ կարելի է անվանել Բերմուդյան եռանկյունիներ. կողմնացույցներն այնտեղ սկսում են խենթանալ:
Քաղաքի մյուս հարստությունը, բացի աշխատասեր մարդկանցից, նրա բնությունն է։ Կապանը կարծես ընկել է հսկա թակարդի մեջ՝ հայտնվելով բարձր լեռների արանքում։ Անվանումը հաստատում է քաղաքի դիրքը, այն առաջացել է հայերեն «կապել»՝ կողպել բառից։ Բնակելի շենքերն այստեղ ցրված են զառիթափ լանջերի երկայնքով, ինչը նրանց բնակիչներին ապահովում է պատշգամբներից ապշեցուցիչ տեսարաններով:
Հայաստանի այս հատվածի լանդշաֆտն իսկապես շատ գեղեցիկ է, կանաչապատ և շատ է տարբերվում երկրի այլ շրջաններից։ Միևնույն ժամանակ, ցավոք, մայրաքաղաքից հեռավորության պատճառով այս տարածքը հայտնի չէ զբոսաշրջիկների շրջանում, սակայն Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել իրավիճակը։ Այդ ուղղությամբ ճանապարհներն արդեն կարգի են բերվել։
Բովանդակություն
Ինչպե՞ս հասնել Կապան
Կապանը գտնվում է Հայաստանի հարավային մասում, գրեթե Իրանի հետ սահմանին՝ ընդամենը 70 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց Երեւանից հեռավորությունը չորս անգամ մեծ է՝ 280 կմ։ Այդ ուղղությամբ երկաթուղի չկա, իսկ տեղի օդանավակայանը միշտ չէ, որ բաց է մարդատար թռիչքների համար՝ անկայուն ռազմական իրավիճակի պատճառով։
Քաղաք կարելի է հասնել ավտոտրանսպորտով։ Հեծանիվով ճանապարհորդությունը կտևի 15 ժամ և կօգնի նիհարել 81 713 կալորիայով։
Հարուստ զբոսաշրջիկները կարող են տաքսի նստել։ Վարորդը կպահանջի մոտ 45000 դրամ։ Մեքենա վարձելը շատ ավելի էժան կլինի Move2Car.
Կապան կարող եք հասնել նաև 611 միկրոավտոբուսով։ Մեկնում է Երևանի ավտոկայանից (Հարավային ավտոկայան) Սևանի փ. , 93/1։ Տոմսի արժեքը՝ 3500 դրամ։ Մեկնման ժամերի մասին տեղեկությունները լավ կլինի ճշտել տոմսարկղից՝ զանգահարելով +374 10 575002: Հստակ ժամանակացույց չկա: Ուղևորներին սպասվում է ճանապրահ լեռնանցումներով, զառիթափ թեքությամբ և վերելքներով, օձաձև ոլորաններով, փոթորկուն գետերով և Զանգեզուրի լեռնաշղթայի ձյունածածկ լեռների տեսարաններով: Ամեն դեպքում, մի մոռացեք գլխապտույտի դեմ դեղահաբեր վերցնել:
Լեռնային Կապան այցելելու լավագույն ժամանակը հուլիսից սեպտեմբեր է։ Ձմռանն այստեղ շատ ավելի ցուրտ է, քան Երևանում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -15 °C:
Ճանապարհին կհանդիպեք Հայաստանի այլ քաղաքներ, որոնք անպայման արժե այցելել։ Որտեղ և ինչու մշակութային կանգառ անել, գրել ենք այս հետևյալ հոդվածներում․
Ի՞նչ տեսնել Կապանում
Քաղաքը նշանավորվում է արդյունաբերական խորհրդային անցյալով, երբ Կապանը համարվում էր ոչ թե մշակութային մայրաքաղաք, այլ թանկարժեք մետաղների արդյունահանման վայր: Հետևաբար, քաղաքը չի կարող պարծենալ աչքի ընկնող տեսարժան վայրերով: Այնուամենայնիվ, այս հանգիստ և հարմարավետ վայրն ունի հանրային այգիներ և փոքրիկ զվարճանքի վայրեր:
Մի քանի արձաններ ու հուշարձաններ պատմում են Կապանի փառավոր անցյալի մասին։ Այստեղ է գտնվում հայ սպարապետ, պարսից և թուրք զավթիչների դեմ դիմադրության առաջնորդ Դավիթ Բեկի հուշարձանը, ազգային հերոս Գարեգին Նժդեհի արձանը, ում անունով է կոչվում Հայոց բանակի բարձրագույն պարգևներից մեկը։
Լուսանկարը՝ Rbk.ru
Հետաքրքիր է նաև քաղաքի մուտքի մոտ տեղակայված արջի դեկորատիվ արձանը` բանալիները բերանին։ Այս հուշարձանն իսկզբանե տարբերվում էր ներկայինից. տարիներ առաջ կենդանու բերանին ոչինչ չկար: Բայց շրջկոմի առաջին քարտուղար Ռաֆիկ Մինասյանը մի անգամ քանդակագործին իր կարծիքն է հայտնել. «Արջը չափազանց ազատ է։ Ոչինչ չի ասում և ոչ մի բանի մասին չի հուշում։ Մի բանալի ավելացնենք, ընկեր։ Դա կլինի մեր երկրի գանձերի բանալին»: Եվ 1972թ․ նրանք հենց այդպես էլ վարվեցին։
Լուսանկարը՝ Eprostir.org
Կապանի թաղամասերը
Ի տարբերություն քաղաքի, շրջակայքում բազմաթիվ հետաքրքիր և պատմական վայրեր կան: Մի քանի ժամ հատկացնելով Կապանին՝ կարող եք այն օգտագործել որպես այլ տեսարժան վայրեր ուսումնասիրելու կենտրոն:
Բաղաբերդ
5-րդ դարում կառուցված այս բերդը ժամանակին եղել է Սյունյաց թագավորության մայրաքաղաքը։ Բայց 1170 թվականին պատերազմասեր թուրք-սելջուկների գրոհի տակ այն ջախջախվել է։ Ավերումից հետո ամրությունը վերականգնելու փորձ չի արվել, ուստի ժամանակակիցները կարող են այն տեսնել միայն ավերակների տեսքով՝ փարթամ կանաչապատված։
Այնուամենայնիվ, սա հիանալի վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են շոշափել հին պատմությունը և զգալ այստեղ տիրող դարերի ոգին: Այստեղ երկու աշտարակ կա, որոնք զբոսաշրջիկները սիրում են բարձրանալ գեղեցիկ լուսանկարներ ստանալու համար: Բերդը գտնվում է չափազանց գեղատեսիլ վայրում, և հաճելի է զբոսնել այստեղ տաք ու արևոտ օրվա ընթացքում:
Լուսանկարը՝ Wikimedia.org
Շիկահողի պետական արգելոց
Կապանից 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, 700-2400 մ բարձրության վրա գտնվում է Շիկահողի արգելոցը։ Այն ստեղծվել է 1958 թվականին և զբաղեցնում է 10000 հա տարածք։
Այստեղ պահպանվել է Հայաստանի բնությունը՝ ավելի քան 1000 բուսատեսակով։ Արգելոցի արահետներով քայլելով՝ կտեսնեք ալպիական մարգագետիններ՝ խոլորձներով, կապույտ զանգակներով և կակաչներով, բոխիի ու կաղնու փարթամ անտառներով և Մթնաձորի կիրճով:
Շիկահողի արգելոցի պահպանության հիմնական առարկան 1000–2200 մ բարձրության վրա աճող կաղնու և բոխիի անտառների բուսական ու կենդանական աշխարհն է։ Այնտեղ կան եղևնիների և հաճարենու անտառներ, ինչպես նաև հազվագյուտ հնագույն պտերներ, որոնք դեռ դինոզավրերն էին ուտում։
Լուսանկարը՝ Yandex.ru
Հալիձորի բերդ
Կապանից ոչ շատ հեռու՝ լեռների մեջ թաքնվել է 17-րդ դարի Հալիձորի ամրոցը։ Հայտնի է նրանով, որ զորավար Դավիթ Բեկը և նրանից հետո Մխիթար Սպարապետը պաշտպանվել են այստեղ օսմանցիներից և պարսիկներից։ Դրա ճիշտ դիրքը և հզոր պաշտպանական համակարգը ժամանակին այն դարձրել են անառիկ թշնամիների համար: Անգամ 400 տարի անց Հալիձորը հզոր միջնաբերդի տպավորություն է թողնում` լքված ու մոռացված, բայց կանգուն։
Դավիթ Բեկը վախճանվել է այս ամրոցում և թաղվել դրա կողքը։ Նրա տապանաքարի վրա գրություն չկա, միայն ներքևի մասում ծաղիկ է փորագրված, որպեսզի ժառանգները կարողանան ճանաչել հերոսի գերեզմանը։
Լուսանկարը՝ Wikimedia.org
«ՏաԹևեր» ճոպանուղին
Կապանից 24 կմ դեպի հյուսիս մի քանի տարի առաջ կառուցվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Այն կապում է Հալիձոր գյուղը Տաթևի վանքին. 15 րոպեում դուք կանցնեք գրեթե վեց կիլոմետր 320 մետր բարձրության վրա։
Ճանապարհին երևում են Որոտան գետի խորը կիրճը և խիտ անտառներով պատված լեռների լանջերը։ Թռչնի թռիչքից կարող եք տեսնել Արարատը, Քարահունջի համալիրը, Խոր Վիրապի վանքը և հայտնի Արենի գյուղն իր բերդերով, գերեզմանոցներով և աշխարհի ամենահին գինեգործարանով:
Լուսանկարը՝ Armeniasputnik.am
Որտե՞ղ կանգ առնել Կապանում
Քաղաքը հարուստ չէ հյուրանոցներով, շքեղ բնակարաններ էլ այստեղ հաստատ չկան։ Կանգ առնելու տարբերակների մեծ մասը հյուրատներն են, հանրակացարանները կամ ընտանեկան B&B հյուրանոցները՝ մեկ գիշերվա համար սկսած 10 000 դրամից։
- Darist
- Լեռնագործ;
- Phoenix համալիր
- Golden Kapan Hotel
Լուսանկարը՝ Hotelsofarmenia.com
Որտե՞ղ ճաշել
Ամենից հաճախ Կապանի հյուրերը ճաշում են այն հյուրանոցում, որտեղ նրանք հանգրվանել են։ Եթե ցանկանում եք զբոսնել, փորձեք.
- Old Kapan-ը Շահումյան փողոց, 2 հասցեում.
Սա իսկական հայկական ռեստորան է։ Ճաշացանկը ներառում է բոլոր դասական ուտեստները՝ թարմ ժենգյալով հացից, պանիրներից և մսային դելիկատեսներից մինչև տոլմաներ, քյուֆթա, ղարսի քյաբաբ, խաշ, որը մատուցվում է բոլոր կանոններով:
Դասական խաշ. ինչպե՞ս պատրաստել
- Tasty Corner Եղիշե Չարենցի 2 հասցեում.
Լավ տարբերակ է հայկական ավանդական խոհանոցից շեղվելու և հիշելու համար, որ աշխարհում կան կոսմոպոլիտ բուրգերներ, կարտոֆիլ ֆրի, բոլոր ժամանակների և ժողովուրդների հոթ դոգեր և շաուրմա։ Փոքրիկ տաղավարից՝ ներկված պիստակի և կիտրոնի երանգներով, կարող եք ուտելիքները նաև ձեզ հետ վերցնել․ ամեն ինչ արագ է, պարզ՝ հնդկական և պակիստանյան խոհանոցի վրա շեշտադրմամբ։
- Մելիք-Ստեփանյան 4 հասցեում գտնվող Maran փաբ.
Հրաշալի վայր է՝ անչափ համեղ ազգային ուտեստներով և մսային ուտեստների լայն տեսականիով։ Մաքուր փաբ է, մատուցողները բարեկիրթ, տերը՝ հյուրասեր։
Բարի ճանապարհ դեպի Կապան։ Իսկ եթե արդեն եղել եք այնտեղ և գուցե նույնիսկ ապրում եք այս քաղաքում, ապա գրեք մեկնաբանություններում, թե ինչու եք սիրում քաղաքը, էլ ուր կարելի է գնալ և էլ ինչ կարելի է տեսնել:
Ավելացնել մեկնաբանություն