Երևան քաղաքը Հայաստանում. ինչ տեսնել Երևանում, ինչով է հայտնի և ինչպես հասնել այնտեղ

Երևան. երթուղին և տեսարժան վայրերը․ ինչո՞վ է հայտնի քաղաքը

0
Երևան. երթուղին և տեսարժան վայրերը․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
07.08.2023
0
Ֆավորիտներին

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Իր բազմադարյա պատմության ընթացքում քաղաքն անցել է զանազան իրադարձությունների միջով և այժմ ապրում է իր պատմության ժամանակակից շրջանը։ Երևանը բաց և հյուրընկալ քաղաք է։ Այստեղ հանգրվանում են երկրի տարբեր ծայրերից եկած քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրցիները: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր տեղը, քանի որ քաղաքը բազմազան է, այն համատեղում է հինն ու նորը, հանգստությունն ու քաղաքային արագ ռիթմը։

Բովանդակություն

  1. Երևան քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան
  2. Ինչպե՞ս հասնել քաղաք
  3. Ի՞նչ անել Երևանում

    1. Թանգարաններ և պատկերասրահներ
    2. Թատրոններ
    3. Զբոսանք քաղաքում
    4. Հուշանվերներ
    5. Համտեսներ
    6. Ժամանցի վայրեր
  4. Իրադարձություններ
  5. Էքսկուրսիաներ
  6. Հյուրանոցներ, հյուրատներ
  7. Սրճարաններ և ռեստորաններ

Երևան քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան

Երևանի հիմնադրման տարին համարվում է մ.թ.ա. 782 թվականը, երբ Արգիշտի I թագավորը կառուցեց Էրեբունի բերդաքաղաքը։ Հետագայում անվանումը փոխվել է՝ հարմարեցվելով տեղի բարբառին, «բ»–ն վերածվել է «վ»–ի։

Երևանով անցնում էին առևտրային քարավանները, այն Արարատյան դաշտի ամենամեծ և կարևոր քաղաքն էր։ Երբ Հայաստանի մայրաքաղաքները մեկը մյուսի հետևից դառնում էին Արարատի մարզի քաղաքները, Երևանը համարվում էր մշակութային և քաղաքական կենտրոն։

Երևանը բազմաթիվ արշավանքների է ենթարկվել թուրքերի, պարսիկների և մոնղոլների կողմից։ 16-րդ դարում, երբ Երևանը գտնվում էր Իրանի տիրապետության տակ, հայերը կազմում էին բնակչության ընդամենը 20%։ Նրանց մեծ մասն այն ժամանակ ապրում էր Կոնդ թաղամասի շրջանում։

Սակայն պատերազմը չէր, որ քաղաքի անկման պատճառը դարձավ։ 1679-ին երկրաշարժը գետնին հավասարեցրեց Երևանը։ Քաղաքը վերականգնվել է 1680-ական թվականներին։

1828-ից 1917 թթ Երեւանը կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, Էրիվանը գտնվում էր ռուսական կայսրության կազմում։ Քաղաքը արագ մեծացավ և զարգացավ։ Ճանապարհներ, դպրոցներ, թատրոններ, եկեղեցիներ կառուցվեցին, ճարտարապետական ոճը փոխվեց դեպի եվրոպականի։

Երկու տարի՝ 1918-1920 թվականներին, Հայաստանն անկախ էր։ Երևանը դարձավ Հանրապետության մայրաքաղաք։ Այնուհետեւ Հայաստանի Հանրապետությունը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ Որոշվեց վերակառուցել Երևանը։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երեւանի հատակագիծը եղել է շառավղային-շրջանաձեւ։ Քանդվել են հին տները, եկեղեցիները, քարավանատները և այլ շինություններ, ասֆալտապատվել են նոր փողոցները։ Երևանը ստացել է «վարդագույն քաղաք» անվանումը, քանի որ կենտրոնում շենքերը երեսպատված էին վարդագույն տուֆով։

Երեւանն այսօր բնակիչների թվով Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքն է։ Այն լի է կյանքով և էներգիայով։ Կան դպրոցներ և մանկապարտեզներ, քոլեջներ և համալսարաններ, թատրոններ, բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ՝ պետական ու մասնավոր։ Ունի սեփական մետրո, միջազգային օդանավակայան, երկաթուղային և ավտոբուսային կայարաններ։

Երեւանը գրավիչ է թե՛ տեղացի, թե՛ օտարերկրացի գործարարների համար, զարգացած է խոշոր բիզնեսը։ Տարեցտարի ավելանում է փոքր բիզնեսի և տեղական արտադրանքի թիվը։ Դրանց մասին պատմում ենք Move2Armenia Market-ը Instagram-ի էջում։ Գնալով ավելի ու ավելի շատ տեղական արտադրողներ են փորձում իրենց արտադրանքի միջոցով փոխանցել հայկական մշակույթի ոգին։ Օրինակ, Sonmade սեփականատերը կավից պատրաստված իրերի վրա դրոշմում է արցախյան աստղաքարեր։ Muar.design ընկերությունը իրենց շարֆերի վրա պատկերում է ավանդական նախշեր և հայոց այբուբենը։ Իսկ Misma բարձերի վրա ասեղնագործված են ազգային զարդանախշեր։ Այս հոդվածում դեռ կխոսենք հուշանվերների մասին։ Այժմ միայն նշենք, որ ձեր և ձեր սիրելիների համար որպես նվեր կարող է ծառայել տեղական բրենդերի արտադրանքը։

Երևանում անցկացվում են փառատոներ, համաշխարհային մեծության աստղերի համերգներ, մեծ սպորտային միջոցառումներ։ Բայց այստեղ թեժ է ոչ միայն վառ իրադարձությունների պատճառով։ Քաղաքում կլիման չոր է, ամռանը միջին ջերմաստիճանը +25 °C է։ Ձմռանը երեւանցիներին ուրախացնում է ձյունը, սակայն այն արագ հալչում է։ Հունվարին միջին ջերմաստիճանը -5 °C է։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում բարձրության տարբերությամբ պայմանավորված՝ եղանակը կարող է տատանվել։

Ինչպե՞ս հասնել քաղաք

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գտնվում է Երևանից ոչ հեռու։ Ավելի քան 40 ուղղություններով հասանելի են ուղիղ չվերթներ: Եթե Երևան ժամանելուն պես ձեզ մոտ հարցեր առաջանան, օրինակ՝ ինչպես օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն կամ որ SIM քարտը գնել, դիմեք ժամանման վայրում գտնվող Move2Armenia տեղեկատվական կետին, այն բաց է ամեն օր 9:00-ից մինչև 21։00: Կամ գրեք մեր Telegram-ի ալիքին՝ @move2armenia_official հասցեով.

Բաթումիից (Վրաստան) երկաթուղով կարող եք հասնել Երևան։

Դեպի Երևան ավտոբուսներ շարժվում են Թբիլիսիից (Վրաստան) և Թեհրանից (Իրան): Ըստ այդմ՝ այս երկրներից Հայաստան կարելի է հասնել մեքենայով։

Հաճախ Տրվող Հրցերի բաժնում մենք մանրամասն պատմել ենք ավտոբուսներով և գնացքներով ուղևորությունների մասին։.

Ի՞նչ անել Երևանում

Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է, և մայրաքաղաքն ունի ձեր ուշադրության արժանի բազմաթիվ վայրեր և զբաղմունքներ: Խոսենք դրանցից մի քանիսի մասին։ Եթե ցանկանում եք մեկ ուղևորության ընթացքում այցելել բոլոր խորհրդանշական վայրերը, առաջարկում ենք մեքենա վարձել Move2Car.

Թանգարաններ և պատկերասրահներ

Հայաստանի պատմության թանգարան և Հայաստանի ազգային պատկերասրահ

Բազմաթիվ զբոսաշրջիկներ, ժամանելով նոր երկիր, առաջին հերթին գնում են պատմության թանգարան և պատկերասրահ։ Սրանք հարմար վայրեր են պետության մասին պատկերացում կազմելու համար՝ սկզբից մինչև մեր ժամանակները։

Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը գտնվում են Երևանի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։ 2023 թվականին մի քանի սրահներ վերանորոգվում են, և ցուցահանդեսի միայն փոքր մասն է հասանելի։ Սակայն դա ամենևին չի խանգարում ճանաչել Հայաստանը։ Պատմության թանգարանում ցուցադրված են հնագույն ցուցանմուշներ, օրինակ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված աշխարհի ամենահին կոշիկը։ Կա նաև հայկական ավանդական զարդերի տպավորիչ հավաքածու։

Պատկերասրահում ցուցադրված են հայ իմպրեսիոնիստների աշխատանքները, անընդհատ տարբեր ցուցահանդեսներ են անցկացվում։ Օրինակ, մի քանի սրահ զբաղեցնում է «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայ մեծ նկարչի նկարազարդումները։

Խորհուրդ ենք տալիս անպայման այցելել պատմության թանգարան և ազգային պատկերասրահ:

Քաղաքը և երկիրը կարելի է ավելի լավ ճանաչել բնակիչների միջոցով, ուստի առաջարկում ենք այցելել նաև մի քանի տուն-թանգարաններ։

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Լուսիկ Ագուլեցին յուրահատուկ կին է, կարելի է ասել՝ իսկական հայուհի։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հայկական ավանդույթների մասունքներ է հավաքել ՝ տիկնիկներ, գորգեր, զարդեր, հնաոճ կահույք և կենցաղային տարբեր իրեր։ Կենցաղում նկարչուհին ազգային տարազ էր կրում, իսկ այժմ նրա տուն-թանգարանի աշխատակիցներն են այդպես դիմավորում հյուրերին։ Հայկական շունչը զգալու համար պետք է այցելել այս վայրը։

Թանգարանում գործում է արվեստի սրճարան։ Ցուցադրությունը դիտելուց հետո կարող եք նստել սեղանի շուրջ, շունչ քաշել և հիշել այն ամենն, ինչ սովորեցիք և տեսաք քիչ առաջ։ Առաջարկում ենք պատվիրել ազգային խոհանոցի ուտեստներ, կամ գուցե մեկ բաժակ հայկական սուրճ։ Գիտականորեն դա ապացուցված չէ, բայց թվում է, թե այդպես ավելի լավ է ընկալվում հայկական մշակույթի մասին տեղեկատվությունը։

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան

Ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի ոճը հնարավոր չէ շփոթել։ Նա տեսնում էր աշխարհի, իր շուրջը գտնվող տարբեր առարկաների ներդաշնակությունը: Նա կարողանում էր համադրել տարբեր իրեր և գեղեցիկ կոմպոզիցիաներ ստանալ։ Փարաջանովն անսովոր կոլաժներ, նկարներ, ֆիլմեր էր ստեղծում։ Այս յուրահատուկ ավեստագետի հետ ծանոթանալու համար այցելեք նրա տուն-թանգարան։

Մատենադարան

Մատենադարանը ձեռագրերի աշխարհի ամենամեծ շտեմարաններից է։ Այստեղ է գտնվում հին հայերենով ձեռագրերի ամենամեծ հավաքածուն։ Կան գիտահետազոտական ինստիտուտին նվիրաբերված օտարալեզու ձեռագրեր և գրքեր։ Մատենադարանում ներկայացված քարտեզների օգնությամբ կարող եք աշխարհը տեսնել ձեր նախնիների աչքերով։ Շենքը, որում գտնվում է թանգարանը, նույնպես կզարմացնի ձեզ։ Այն շքեղ և մոնումենտալ տեսք ունի՝ իսկական գիտության տաճար: Մուտքի մոտ այցելուներին ողջունում է հայոց գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը։ Պարզապես ներս եկեք, բարձրացեք սյունազարդ լայն սանդուղքով և ընկղմվեք պատմության մեջ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մի վայր է, որտեղ գտնվելը էմոցիոնալ առումով դժվար է, բայց այն պարտադիր պետք է այցելել: Ցեղասպանությունը, առանց չափազանցության, ազդել է ողջ հայ ժողովրդի կյանքի վրա։ Եվ անհնար է հասկանալ հայերին ու Հայաստանը՝ առանց պատմության այս դժվարին էջերն ուսումնասիրելու։ Եկեք թանգարան, դիտեք ցուցադրությունը և մի քանի րոպե անցկացրեք լռության մեջ ձեր մտքերի հետ:

Մեր «Հայաստանի 20 լավագույն թանգարաններն ու պատկերասրահները» հոդվածում էլ ավելի շատ հետաքրքիր վայրեր կգտնեք։Բացի այդ Move2Armenia Culture անվճար էքսկուրսիաներ է կազմակերպում դեպի թանգարաններ և դասախոսություններ Հայաստանի պատմության մասին։

Թատրոններ

Ա.Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հայաստանի գլխավոր թատրոնը Երևանի օպերայի և բալետի թատրոնն է։ Քաղաքում զբոսնելիս դուք անպայման կհայտնվեք այս մեծ, բայց էլեգանտ շենքի մոտ։ Թատրոնի դիմացի հրապարակում կյանքը միշտ եռում է․ երիտասարդները հեծանիվ, անվաչմուշկներ են քշում, հանգստանում են սրճարաններում։ Բայց մենք առաջարկում ենք շենքը ոչ միայն դրսից զննել, այլ նաեւ մտնել ներս, մասնավորապես՝ հայկական ազգային կոլորիտով լի բեմադրություններ դիտել։ Օրինակ՝ «Գայանե» բալետը և «Անուշ» օպերան։ Այս բեմադրությունների հանդիսատեսը վայելում է հայկական ավանդական պարերը, երաժշտությունն և պատմություններ։

Կ.Ս. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն

Մշակութային ժամանցը կարելի է շարունակել Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Այստեղ բեմադրությունները ռուսերեն լեզվով են, սակայն խաղացանկում կան նաև «հայկական» ներկայացումներ։ «Քաջ Նազարը» Հովհաննես Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրություն է։ «Իմ անունը Կոմիտաս է» դրամայի միջոցով հանդիսատեսը կծանոթանա հայ անվանի կոմպոզիտորին և կիմանա, թե ինչերի միջով են անցել հայերը 20-րդ դարի սկզբին։ «Խանումա»-ն վառ վոդևիլային կատակերգություն է, որը հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի Թիֆլիս։

Զբոսանք քաղաքում

Մշակութային հարուստ ծրագրից հետո առաջարկում ենք զբոսնել քաղաքում։

Հանրապետության հրապարակ

Երբ խոսում են Երևանի կենտրոնի մասին, նկատի ունեն Հանրապետության հրապարակը։ Հրապարակի շուրջը գտնվում են կառավարական շենքեր, «Մարիոթ» հյուրանոցը, պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը։ Թանգարանի անմիջապես դիմաց կա մեծ շատրվան։ Մայիսի վերջից մինչև հոկտեմբեր երեքշաբթիից կիրակի ժամը 20:00-22:00 շատրվանը վերափոխվում է։ Թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները հավաքվում են դրա մոտ՝ դիտելու լուսային և երաժշտական շոուն։ Պարզ եղանակին, եթե մեջքով կանգնեք դեպի շատրվանը և նայեք Հայփոստի շենքի կամարի միջով, կարող եք տեսնել Արարատի գագաթը։

Կասկադ

Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը Կասկադն է։ Այն հսկայական սանդուղք է հիշեցնում, որի առջև մի ծառուղի կա, որտեղ անսովոր ժամանակակից քանդակներ են տեղադրված։ Կասկադի վերին կետին հասնելու համար հարկավոր է հաղթահարել մի քանի մակարդակ, որտեղ շատրվաններ, տարբեր քանդակներ կան։ Կասկադի համալիրը դեռ անավարտ է, այնուամենայնիվ, քաղաքն ու Արարատը հիանալի տեսանելի են վերևից։ Կասկադի ներսում գտնվող պատկերասրահում ցուցահանդեսներ են անցկացվում, անգամ համերգասրահ կա։

Զբոսայգիներ

Ճ արտարապետ Ալեքսանդր Թամանյանի մտահղացմամբ Երևանի կենտրոնը պետք է լիներ պուրակ-քաղաք։ Ժամանակակից Երեւանում, ինչպես ճարտարապետն էր ցանկացել, կան բազմաթիվ այգիներ, պուրակներ, ծառուղիներ։

Հանրապետության հրապարակից մինչև Երևանի քաղաքապետարան կարելի է քայլել՝ առանց «կանաչ արահետից» դուրս գալու։ Նախ մտնում ես Երևանի 2750-ամյակի այգի, որին հաջորդում է Շաումյանի անվան հրապարակը։ Այն աստիճանաբար վերածվում է Երևանի 2800-ամյակի այգու։ Դրանից աջ և ձախ ևս երկու այգի կա՝ Անգլիականը և Մանկականը։ Եվ ամենուր կտեսնեք շատրվաններ, տարբեր արձաններ ու կանաչ տարածքներ։

Այսպես կոչված Հին Երևանը շրջապատված է Երիտասարդության այգիով։ Այստեղ կան կարուսելներ և սքեյթ-հրապարակ, փոքր լճակներ և շատրվաններ։ Այգու հյուսիսային հատվածը սահուն վերածվում է քանդակների այգու Կասկադի առջևի մասում և պուրակների՝ Օպերայի և բալետի թատրոնի առջև։

Հայոց ցեղասպանության թանգարանի մասին արդեն նշել ենք։ Հավելենք, որ այն գտնվում է Ծիծեռնակաբերդի մեծ զբոսայգում, որտեղ տեղացիները սիրում են ժամանակ անցկացնել։ Այս ընդարձակ տարածքի մոտ է գտնվում ևս մեկ այգի՝ Թումանյանի անվան այգին։ Այն շատ դուր կգա երեխաներին, քանի որ այգում մի քանի խաղահրապարակ և սպորտային հրապարակ կա։ Այգուց բացվում է տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Կիևյան կամուրջ։

Բուսաբանական այգի

Բնության գրկում զբոսանքի լավագույն վայրերից մեկը Բուսաբանական այգին է։ Այստեղ կարելի է զբոսնել ծառուղիներով, ուսումնասիրել անսովոր բույսերը։ Կարող եք նաև մտնել ջերմոց։ Ճարտարապետական մտահղացման համաձայն՝ այն պետք է հիշեցնի թռչող ափսե։ Տարածքում կա բուսաբանության թանգարան, որում գործում է մոլեկուլային կենսաբանության լաբորատորիա։ Այնտեղ անսովոր բույսեր են աճեցնում, գիտական հետազոտություններ իրականացում։

Մոդեռնիստական Երևան

Երևանը կարծես մոդեռնիզմի դարաշրջանի ճարտարապետության ուսումնասիրության ալբոմ լինի։ Միայն քաղաքի կենտրոնում քայլելով՝ կարելի է տեսնել նախկին միջազգային հեռախոսակայանի շենքը, «Ռոսիյա» կինոթատրոնը։ Երևանի մոդեռնիզմի գլուխգործոցները մենք թվարկել ենք առանձին հոդվածում։ Նաև զրուցել ենք ճարտարապետության և արվեստի պատմաբան Աննա Բրոնովիցկայայի հետ, որը նույնպես հիացած է հայկական մոդեռնիզմով։

Արվեստի թաղամաս

Երեւանի կենտրոնում շրջելիս կարելի է նկատել, թե որքան մարդ է ներս անցնում Պուշկինի փողոցի թիվ 4 տան մոտ գտնվող կամարի միջով։ Հենց այստեղ է գտնվում Արվեստի թաղամասը՝ կարծես թաքնված, բայց շատ լուսավոր մի վայր։ Այն ձգում է արվեստագետներին, նկարիչներին, ստեղծագործ մարդկանց: Բակը կանաչապատ է և բազմաթիվ արվեստի առարկաներ կան։ Դրանք կարելի է ուսումնասիրել մի բաժակ սուրճի շուրջ փոքրիկ սրճարանում: Կարելի է այցելել պատկերասրահ, որը գտնվում է գինիների պահման համար նախատեսված նկուղում: Այստեղ պարբերաբար անցկացվում են ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ։

Արվեստի թաղամասից դատարկաձեռն մի հեռացեք։ Այստեղ վաճառվում են տեղացի նկարիչների գործեր, ինչպես նաև գործում են հին իրերի խանութներ: Ինչո՞ւ ոչ, կարելի է ինչ-որ բան ձեռք բերել որպես հուշանվեր Երեւանից։ Իդեպ, հուշանվերների մասին...

Հուշանվերներ

Հուշանվերների ձեռքբերումը կարող է նաև հետաքրքիր լինել, եթե գիտեք, թե որտեղից և ինչ գնել: Երևանի պատմությանը վերաբերող հատվածում մենք մի քանի տեղական ապրանքանիշեր թվարկեցինք, որոնց արտադրանքը կարող է որպես նվեր ծառայել։ Եվս մի քանի վայր թվարկենք, որտեղից կարելի է հետաքրքիր հուշանվերներ գնել։

Վերնիսաժ

«Ախ, վերնիսաժ, ախ, վերնիսաժ։ Ինչպիսի՜ դիմանկար, ինչպիսի՜ բնապատկեր»,- ուզում ես երգել, երբ մոտենում ես այս վայրին: Երևանում «Վերնիսաժը» քաղաքի հենց կենտրոնում գտնվող մի շուկա է, որտեղ կան տարբեր հուշանվերներ, տեղական արհեստավորների արտասովոր ապրանքներ: Մարդիկ այստեղ են գալիս՝ նաև հին և նույնիսկ կոլեկցիոն իրեր փնտրելու: Ինչ-որ մեկը վաճառում է հին ընտանեկան գրադարանը, մյուսը՝ հին մետաղադրամների մի ամբողջ տոպրակ: Կան զարդեր, նկարներ և առհասարակ այն ամենը, ինչ կարելի է պատկերացնել։

Nrneni House

Պուշկին 21 հասցեում գտնվող խանութում վաճառվում է հայկական արտադրանք՝ չրեր, քաղցրավենիք, թեյ, սուրճ, ալկոհոլ, մուրաբա և այլն։ Այսպիսի հուշանվերը կօգնի ձեզ փոխանցել Հայաստանի համը։ Բացի այդ, այստեղ կարելի է գտնել ավանդական զարդանախշերով սպասք, իհարկե, մագնիսներ, ինչպես նաև զարդեր և արտասովոր նոթատետրեր։

Դալան

Այս նվերների խանութը գտնվում է Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում՝ Աբովյան փողոցում։ Խանութն անսովոր ձև ունի. թվում է, թե մտնում ես փոքրիկ թունել, կամ գուցե գինու կարաս: Այստեղ ևս կգտնեք մագնիսներ, ինչպես նաև հայկական ավանդական տիկնիկներ, ազգային զարդանախշերով սպասք, վարպետորեն պատրաստված շախմատ և նարդի՝ հայերի սիրելի խաղերը։ Խանութում գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք, որ որոշ այցելուներ կանգ չեն առնում խանութում, այլ ուղիղ գնում են դեպի առջևի պատը և ինչ-որ տեղ անհետանում: Բանն այն է, որ հուշանվերների խանութը նաև Աբովյան 12 ռեստորանի մուտքն է (անվանումից գուշակեք, որ հասցեում է այն գտնվում):

Ռեստորանը գտնվում է հենց բակում։ Անպայման քայլեք այստեղ, տեսեք բակում բնակվող աղավնիներին, լուսանկարվեք զարդանախշերով ափսեներով զարդարված պատի մոտ և երաժիշտների համար նախատեսված բեռնատարի/բեմի մոտ: Այնուհետև բարձրացեք փորագրված փայտե աստիճաններով և մտեք «Դալան» արվեստի պատկերասրահ:

Համտեսներ

Dalan գինետուն

«Աբովյան 12» ռեստորանից և նվերների խանութից հեռու մի գնացեք։ Այստեղ նաև գինետուն կա, որտեղ գինու համտեսներ են անցկացվում։ Ձեզ կծանոթացնեն ըմպելիքի պատմությանը, կպատմեն՝ ինչպես ճիշտ խմել այն։ Ձեզ դուր եկած ոգելից խմիչքի շիշը հաճախ հուշանվեր է դառնում ինչպես հարազատների, այնպես էլ ձեզ համար։

Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու գործարան

Ո՞վ չգիտի «Արարատ» կոնյակի մասին։ Սա թերեւս ամենահայտնի հայկական խմիչքն է։ Դուք կարող եք էքսկուրսիայի գնալ «Արարատ» գործարան և ծանոթանալ կոնյակի արտադրության գաղտնիքներին։ Դրան հաջորդում է համտես, որի ժամանակ այցելուներին կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ խմել այս թունդ ըմպելիքը:

Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու գործարան

Անցնում ենք կամուրջը և հայտնվում «Արարատի» մրցակցի՝ «Նոյի» շենքի մոտ։ Գնում ենք էքսկուրսիայի՝ համեմատելու արտադրողների խմիչքները։

Այս գործարանը գտնվում է նախկին Էրիվան ամրոցի շենքում։ Այցելուները կարող են իջնել զով նկուղները և նույնիսկ քայլել դեռևս գործող ստորգետնյա թունելով:

Եթե ցանկանում եք կոնյակ գնել, բայց չգիտեք, թե որն ընտրել, կարդացեք մեր հոդվածը. դրանում հավաքել ենք հայկական 10 լավագույն կոնյակները և առանձնացրել նվերների համար հարմար տարբերակները։

Համտեսները հիանալի ժամանց են, բայց միակը չեն։ Պատմում ենք, թե էլ ինչպես լավ ժամանակ անցկացնել մայրաքաղաքում։

Ժամանցի վայրեր

Flow House

Ինչպես գիտեք, Հայաստանում ծով չկա, բայց ահա ալիքներ և սերֆինգ կան: Ինչպե՞ս է դա հնարավոր: Reebok Sports Club-ում գործում է Flow House Yerevan-ը,որտեղ արհեստական ալիքների վրա ձեզ կսովորեցնեն սերֆ վարել: Move2Armenia-ի թիմն այնտեղ մեկ անգամ արդեն եղել է և շատ տպավորված է։Սերֆ վարելը բարդ էր, սակայն որոշակի հաջողություններ գրանցեցինք։ Flow House-ում ջրի հոսքը ուժեղ է, ջերմաստիճանը՝ հարմարավետ, մարզիչները պրոֆեսիոնալ և հաճելի։ Դուք կարող եք հիանալի ժամանակ անցկացնել, սովորել սերֆ վարել, որպեսզի ծով-օվկիանոսում զարմացնեք ուրիշներին ձեր հմտություններով:

Yerevan Park

Yerevan Park-ը մեծ զվարճանքի կենտրոն է ամբողջ ընտանիքի համար։ Հարմար է, որ կարուսելները գտնվում են թե՛ դրսում, թե՛ ներսում, այնպես որ այգին գործում է ամբողջ տարվա ընթացքում։ Yerevan Park-ն ունի իր հեքիաթը, հերոսները, որոնց հետ կապված են կարուսելները։ Հերոսները օրը մեկ անգամ դուրս են գալիս շքերթի, այնուհետև շրջում են տարածքում և շփվում հյուրերի հետ։

Եթե ձեզ հետաքրքրում է երեխաների համար ժամանցը, ապա դիտարկեք առաջարկներ մեր կատալոգից։.

Իրադարձություններ

Երեւանում անցկացվում են տարբեր փառատոներ, տոներ եւ այլ միջոցառումներ։ Դրանք նույնպես զվարճանալու լավ առիթ կարող են դառնալ:

Երևանի գինու օրեր

Գինու օրերի կապակցությամբ ամռան սկզբին Երևանում փակվում են Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները։ Սա լայնածավալ միջոցառում է, հատուկ որի համար զբոսաշրջիկներ են ժամանում տարբեր երկրներից։ Հայաստանի գինի արտադրողները տեղակայվում են բոլոր երեք փողոցներում և առաջարկում իրենց արտադրանքը։

Բայց սա ալկոհոլի միակ փառատոնը չէ։ Կան նաև․․․

Yerevan Beer Fest

Սա գարեջրի փառատոն է կամ «Գարեջրի օրեր»։ Երկու օր անընդմեջ Զաքյան փողոցում գարեջուր արտադրողները հյուրերին ներկայացնում են իրենց արտադրանքը։ Փառատոնին կարող եք նաև փորձել տարբեր խորտիկներ և ճաշատեսակներ, որոնք համադրվում են գարեջրի հետ, լսել կենդանի երաժշտություն, մասնակցել խաղերի և մրցանակներ շահել:

Վարդավառ

Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին մարդիկ գալիս են Հայաստան և մասնավորապես Երևան՝ հատուկ Վարդավառի տոնին մասնակցելու համար։ Այս օրը ընդունված է միմյանց վրա ջուր ցողել։ Փողոցներում իսկական ջրային մարտեր են կազմակերպվում։ Տոնակատարությանը մասնակցում են անգամ ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը։ Ոչ ոք ջրից չոր դուրս չի գալիս այս օրը։

2023 թվականի Վարդավառին ընդառաջ հոդված ենք հրապարակել, որտեղ խոսել ենք այս տոնի պատմության և այն մասին, թե ինչպես է այն նշվում մեր ժամանակներում։ այս հղմամբ։եթե ձեզ հետաքրքրեց տոնը։

Տոնավաճառներ

Ինչպես արդեն նշել ենք, այժմ Երևանում ավելի ու ավելի անսովոր տեղական բրենդներ են հայտնվում։ Որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան դրանց մասին և տեղական արտադրանք ձեռք բերեն, տոնավաչառներ են կազմակերպվում։ Ամենամեծը դեկտեմբերի վերջին անցկացվող Սուրբ Ծննդյան շուկան է, Ket.market-ը և Move2Armenia Market-ը։ Ամեն անգամ կազմակերպիչները փորձում են զարմացնել այցելուներին, նրանց ներկայացնել նոր ապրանքանիշեր, կազմակերպել վարպետության դասեր ու խաղարկություններ, տոնավաճառի համար ոչ ստանդարտ վայրեր ընտրել։

Հետևեք նոր տոնավաճառների անցկացման հայտարարություններին Instagram-ում։

Էքսկուրսիաներ

Խոսեցինք այն վայրերի մասին, որոնք կարող եք ինքնուրույն այցելել կամ, ինչպես թանգարանների ու պատկերասրահների դեպքում, շրջել ներսում։ Այժմ կիսվենք մի քանի ընկերությունների կոնտակտներով, որոնք կազմակերպում են շրջագայություններ քաղաքում:

Walk Yerevan

Walk Yerevan-ն իրենց հյուրերին առաջարկում է անսովոր ճանապարհներ: Ամենահայտնի երթուղին Երևանի հին թաղամասով՝ Կոնդով է։ Դրա բակերում կարելի է ճարտարապետական գանձեր գտնել։ Այստեղ Երևանն այնպիսին է, ինչպիսին 18-րդ դարում էր։ Թիմը կազմակերպում է նաև ֆոտոզբոսանքներ, էքսկուրսիաներ դեպի Երևանի կենդանաբանական այգի և այլ հետաքրքիր վայրեր։

Yerevan_online

Erevan_online-ի էքսկուրսիաներն անցնում են մտածված, ստուգված երթուղիներով, հարմարավետ տրանսպորտով և, ամենակարևորը, բանիմաց, բարի և կենսուրախ զբոսավարների ուղեկցությամբ։ Քաղաքի կենտրոնի գլխավոր փողոցներն ու տեսարժան վայրերը ուսումնասիրելուց հետո հյուրերը գնում են վարպետության դասի Նորքի տարածքում։ Ընկերությունը չի բացահայտում, թե ինչ են անում այս վարպետության դասի ժամանակ, բայց մենք գիտենք, որ ոչ մի հյուր դեռևս դժգոհ և ... սոված չի հեռացել։

Talk City

Քաղաքային ամենաանսովոր շրջագայություններից մեկը Talk City-ի հետ զբոսանքն է: Հյուրերին քաղաքը ներկայացնում են հենց բնակիչները՝ հայտնի երևանցիները, անգամ հուշարձանները և ինքը՝ Կասկադը: Բավական է հագնել ականջակալները, և կսկսվի Երևանի մասին պատմությունը՝ հիանալի երաժշտության ուղեկցությամբ: Զբոսաշրջիկները ծիծաղում են իրենց «զբոսավարների» հետ միասին, անհանգստանում, պարում։ Երբեմն անգամ արտասվում՝ գեղեցկությունը գնահատելու հնարավորության զգացումից։

«Երևանը ինժեների աչքերով»

«Երևանը ինժեների աչքերով» թիմը ութ տարվա ընթացքում եզակի էքսկուրսիաներ է ստեղծել Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Թբիլիսիում և հիմա արդեն Երևանում։Էքսկուրսավարները հյուրերին սովորեցնում են հասկանալ ճարտարապետության լեզուն: Այցելուներին ուղեկցում են դեպի մոդեռնիստական և կոնստրուկտիվիստական վայրեր, դեպի բուրժուական Երևան և գիտական կենտրոններ։ Տանում են Կոնդ, պատմում, թե որն է թաղամասի կառույցների առանձնահատկությունը, հետո հրավիրում են տեղի բնակչի տուն։

Urban Armenia

Եթե սիրում եք էքստրեմալ սպորտաձևեր, անսովոր, նույնիսկ գաղտնի, երբեմն էլ լքված վայրեր, ապա խորհուրդ ենք տալիս էքսկուրսիայի գնալ Urban Armenia-ի հետ։ Տուրիստական գործակալությունը խոստանում է ձեզ ցույց տալ Ավան թաղամասի աղի հանքը, անավարտ մետրոյի թունելը և միասին շրջել Երևանից ոչ հեռու գտնվող Խոսրովի արգելոցում։

Եթե ցանկանում եք մասնավոր էքսկուրսավար վարձել, ապա կոնտակտային տվյալները նշված են այստեղ, իսկ այս հոդվածում։ էլ ավելի շատ տուրիստական գործակալություններ կգտնեք:

Հյուրանոցներ, հյուրատներ

Marriott

Marriott-ը քաղաքի կենտրոնին ամենամոտ հյուրանոցն է: Պատուհանները նայում են Հանրապետության հրապարակին։ Հյուրանոցը հինգաստղանի է, այստեղ հաճախ են անցկացվում կոնֆերանսներ, գործնական հանդիպումներ և ընդունելություններ։ Հյուրերի տրամադրության տակ է բացօթյա լողավազանը և մարզասրահը։

Holiday Inn Express

Holiday Inn Express-ը հարմար է ինչպես ընտանեկան, այնպես էլ գործարար ճամփորդությունների համար: Սենյակները ժամանակակից են, ճաշակով և ոճային։ Հյուրանոց կարելի է հասնել Հանրապետության Հրապարակից հինգ րոպե ոտքով քայլելով։

Monument Guest House

Նրանք, ովքեր նախընտրում են մնալ հյուրատներում, կարող են կանգ առնել Monument Guest House-ում: Անվանումը պատահական չէ. պատուհանից հյուրերը տեսնում են «Մայր Հայաստան» հուշարձանը։ Հյուրատան դիմաց կա լողավազան, որից կարելի է օգտվել ամռանը։ Իսկ ձմռանը տանը կարող եք բուխարի վառել։ Սա հարմարավետ հանգիստ է ողջ ընտանիքի համար Երևանի կենտրոնին մոտ գտնվող խաղաղ թաղամասում:

MidCity Hostel

MidCity Hostel-ը գտնվում է Հյուսիսային պողոտայի մոտ, որը ձգվում է Պատմության թանգարանից մինչև Օպերայի և բալետի թատրոն։ Հոսթելը հարմարավետ է, կա հանգստի ընդհանուր տարածք և պատշգամբ։ Ընդունարանը աշխատում է 24/7 և միշտ պատրաստ է օգնել հյուրերին:

RetroCity Apartments

Սա հարմարավետ և լուսավոր հոսթել է: Միջավայրի և ուշադիր ու բարեհամբույր անձնակազմի շնորհիվ հյուրերն իրենց զգում են ինչպես տանը: Հոսթելի մոտ են գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, Երիտասարդության այգին և Երիտասարդական մետրոյի կայարանը։

Բազմաթիվ այլ հյուրանոցներ, հյուրատներ և հոսթելներ են թվարկված մեր այստեղ.

Սրճարաններ և ռեստորաններ

Հենց սկզբից նշենք հայտնի արագ սննդի ռեստորանների մասին․ Հայաստանում McDonald's չկա, բայց կա KFC: Դուք կարող եք առաքում պատվիրել այս և այլ հաստատություններից, օրինակ՝ օգտվելով Glovo ծառայությունից: Ընկերությունը հաճախ զեղչեր է առաջարկում։

De Angelo

De Angelo-ն հենց այն վայրն է, որը մտաբերում ես, երբ պատկերացնում ես փարիզյան մի ռեստորան՝ դրսում տեղադրված սեղաններով: Այստեղ հնչում է ֆրանսիական երաժշտություն, մատուցողները բարեկիրթ են, տիրում է հաճելի մթնոլորտ և հյուրասիրում են եվրոպական խոհանոցի ուտեստներ։

Buzand Cafe Restaurant

Buzand-ի առաջնահերթությունը հաճախորդների հարմարավետությունն է: Սրճարանում գերակշռում են տաք գույները, որպեսզի հյուրը ցանկանա ավելի երկար մնալ, հանգստանալ, զրուցել ընկերների, հարազատների, գործընկերների հետ: Եվրոպական ճաշատեսակների համար ձեզ կօգնեն ճիշտ գինի ընտրել:

Yasaman ռեստորանում

Yasaman-ը ձգտում է տան մթնոլորտ ստեղծել։ Սա մեծ ռեստորան է մի քանի փակ սրահներով ընկերների կամ ընտանիքի հետ հանդիպման համար: Մատուցում են ուտեստներ տարբեր խոհանոցներից՝ և՛ եվրոպական, և՛ ռուսական, և՛ հայկական։

Gluten-free bakery

Սա գտածո է բուսակերների, վեգանների, և նրանց համար, ովքեր գլյուտեն, կաթնաշաքար կամ շաքար չեն օգտագործում, բայց միևնույն ժամանակ սիրում են աղանդեր և խմորեղեն: Gluten-free bakery-ում թխում են համեղ կարկանդակներ, հացեր, տորթեր և խմորեղեն՝ ապացուցելով, որ քաղցրավենիքը կարող է լինել առողջարար։

Crumbs The Bread Factory

Crumbs The Bread Factory-ն միավորում է սրճարանը, հացաբուլկեղենի թխման և հրուշակեղենի պատրաստման կետերը: Խոհարարները ամեն օր պատրաստում են ուտեստները, խմորեղենը և աղանդերը՝ միայն փորձված բաղադրատոմսերի համաձայն: Այստեղ ամեն ինչ թարմ է, բուրավետ և լի վառ համերով:

Buddha Hall

Buddha Hall-ը ռեստորան-ակումբ է։ Ինչպես լավ ռեստորանում այստեղ ասիական և եվրոպական ուտեստների լայն տեսականի կա։ Եվ ինչպես լավ ակումբում, այստեղ կազմակերպվում են երեկույթներ դիջեյների ու կենդանի երաժշտության ուղեկցությամբ և կոկտեյլների մատուցմամբ։

Beer Academy Ethnograph

Beer Academy Ethnograph բարը անսովոր հայեցակարգ ունի. բարի հիմնադիրները գտել և վերականգնել են հին հայկական ուտեստների բաղադրատոմսերը: Կարելի է պատվիրել գարեջուր և դիտել, թե ինչպես են պատրաստվում ուտեստները գաստրոբակում։ Մտածված է նաև բարի գտնվելու վայրը․ այն գտնվում է 19-րդ դարի վերջին կառուցված շենքում։

Էլ ավելի շատ սրճարաններ և ռեստորաններ կարող եք գտնել մեր այստեղ.

Մայրաքաղաք Երևանը տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին գրավող կենտրոն է։ Հայաստանի գլխավոր քաղաքին ծանոթանալուց հետո առաջարկում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել երկիրը և այցելել այլ խոշոր քաղաքներ, օրինակ՝ Դիլիջան և Վանաձոր։.

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Զբոսաշրջություն» բաժնում
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Երևան. երթուղին և տեսարժան վայրերը․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է