Դիլիջան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը

Դիլիջան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը

1
Դիլիջան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
15.07.2023
1
Ֆավորիտներին

Դիլիջանը առողջարանային քաղաք է, ուր զբոսաշրջիկներ են այցելում ամեն օր։ Այս հոդվածում պատմում ենք, թե ինչու է այն այդքան սիրված, և ուր պետք է անպայման գնալ քաղաք այցելելիս։

Բովանդակություն

  1. Դիլիջան քաղաքի պատմությունը
  2. Ինչպե՞ս հասնել քաղաք
  3. Տեսարժան վայրեր
  4. Իրադարձություններ
  5. Էքսկուրսիաներ
  6. Հյուրանոցներ և հյուրատներ
  7. Սրճարաններ և ռեստորաններ

Դիլիջան քաղաքի պատմությունը

Ժամանակակից Դիլիջանի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. 2-րդ դարում։ Այստեղ զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Համաձայն տարածքում հայտնաբերված գտածոների՝ բնակիչները հմուտ խեցեգործներ են եղել։

Անտառապատ լեռնային տարածքում գտնվելու պատճառով մ․թ․ա․1-ին դ․ բնակավայրը, որն այն ժամանակ կրում էր Հովք անվանումը, դառնում է Արշակունի թագավորական տոհմի նստավայրն ու որսի սիրված վայրը։

XIII դ. այստեղ գտնվել է Պուճուր Դիլի բնակավայրը։ «Դիլիջան» անվանումն առաջին անգամ հիշատակվում է 17-րդ դարի ֆրանսիացի մի ճանապարհորդի գրառումներում։ Մինչ օրս անհայտ է, թե որտեղից է առաջացել քաղաքի անվանումը։ Վարկածներից մեկի համաձայն՝ հարեւան գավառում ապրել է Դիլիջան անունով մի իշխան։ Կա նաև մի գեղեցիկ, բայց տխուր պատմություն։ Ասում են, որ ժամանակին այս կողմերում ապրել է Դիլի անունով մի հովիվ, ով սիրահարվել է իր տիրոջ աղջկան։ Իմանալով, որ ինչ-որ հասարակ հովիվ սիրահարվել է իր դստերը, տերը հրամայել է սպանել Դիլիին, իսկ հովվի մայրը, չիմանալով այդ մասին, ամենուր փնտրել է որդուն՝ կանչելով. «Դիլի-ջան, Դիլի-ջան»։ Ի դեպ, «ջան» բառի մասին պատմել ենք այս հոդվածում։.

19-րդ դ․ դրությամբ Դիլիջանն արդեն հայտնի էր որպես հանգստավայր, ուր գալիս էին մտավորականության ներկայացուցիչները և հավաքվում «Ռոտոնդա» բացօթյա թատրոնում։ Հարուստ թիֆլիսցիներն այստեղ ամառանոցներ են կառուցում։ Խորհրդային տարիներին բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս էին մաքուր լեռնային օդ շնչելու և հանքային ջուր խմելու. այստեղ մոտ 20 առողջարան էր գործում։

Դիլիջանն այսօր էլ հանգստավայր է և ունի ազգային պարկի կարգավիճակ։ Սա հայտնի զբոսաշրջային ուղղություն է, որտեղ գալիս են՝ հիանալու հնագույն վանքերով ու վայելելու բնությունը: Դրան նպաստում է նաև տեղի կլիման․ այստեղ ամառները զով են, իսկ ձմեռները՝ ձյունառատ ու ցուրտ, քանի որ քաղաքը շրջապատված է լեռներով ու անտառներով, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։ Ճանապարհորդները նշում են ջերմաստիճանի կտրուկ անկումը և լանդշաֆտի փոփոխությունը, երբ Սևան քաղաքից Դիլիջան տանող ճանապարհին, անցնելով թունելով, հայտնվում բոլորովին այլ վայրում։ Դիլիջանը շատ գեղեցիկ է վաղ աշնանը, երբ անտառները գունավորվում են բազմազան գույներով։

Դիլիջանը նաև կարևոր կրթական կենտրոն է։ Քաղաքում բացվել է 16-19 տարեկան պատանիների համար նախատեսված UWC Dilijan College միջազգային դպրոցը։ ՀՀ կենտրոնական բանկի ուսումնահետազոտական վարչությունում անցկացվում են ֆինանսատնտեսական համաժողովներ։ Զարգացած է նաև արդյունաբերությունը՝ գործում է Դիլիջանի հանքային ջրերի գործարանը, «Դիլի» համալիրում արտադրվում է կաթնամթերք։ Ինչպես հին ժամանակներում, այսօր ևս տեղի բնակիչները զբաղվում են արհեստագործությամբ․ պատրաստում են խեցեղեն, զարդեր, հյուսում գորգեր։

Ինչպե՞ս հասնել քաղաք

Դիլիջանը գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա Երևանից. Ավտոմեքենայով ճանապարհը կտևի մեկուկես ժամ։ Դուք կարող եք դա անել հարմարավետ վարձակալած մեքենայում Move2Car. Հյուսիսային ավտոկայանից (Վերին Պթնի, խճուղի M4) գործում է թիվ 651 միկրոավտոբուսը, տոմսի արժեքը 1000 դրամ։ Սակայն ճանապարհորդներն ասում են, որ երթուղայինները վատ վիճակում են։ Մեկ այլ տարբերակ GG shuttle-ն է: Մոբայլ հավելվածում կարող եք տեղ ամրագրել, մոտավոր արժեքը 1500 դրամ է։

Ինչպես արդեն ասացինք, Դիլիջան տանող ճանապարհն անցնում է Սեւան քաղաքով։ Հաճախ զբոսաշրջիկները կանգ են առնում ու ժամանակ անցկացնում այնտեղ, իսկ հետո մեկնում Դիլիջան։

Տեսարժան վայրեր

Քաղաքին և շրջակայքին ծանոթանալու համար մեկ օրը բավական չէ։ Այն դուր կգա թե՛ «թանգարանային» զբոսաշրջիկներին, թե՛ բնության գրկում զբոսանքի սիրահարներին, թե՛ պատմությամբ հետաքրքրվողներին։

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջանի բնությունը տարբերվում է հարեւան Սևանի բնությունից։ Քաղաքը շրջապատված է խիտ անտառներով։ Բոլորը միասին կազմում են Ազգային պարկը, որի տարածքում կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր։

Բնական տեսարժան վայրեր

Քայլելով Ազգային պարկի միջով՝ կարող եք հասնել Պարզ լիճ։ Այն սիրում են ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ տեղացիները։ Երկար զբոսանքից հետո կարելի է հանգստանալ լճին նայող սրճարանում կամ նավակ վարել: Իսկ եթե բավականաչափ ուժ ունեք, ապա ճոպանների պուարկը և զիփլայնը սպասում են ձեզ։

Պարզ լճից դեպի մյուս՝ Գոշի լիճ կարելի է հասնել անտառի միջով։Լիճը գտնվում է համանուն գյուղի մոտ, որի գլխավոր տեսարժան վայրը Գոշավանքն է։12-13-րդ դարերի շինությունները՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, դպրոցը, զանգակատունը և այլ հնագույն շինությունները գտնվում են բլրի վրա։ Տպավորիչ է մամուռով պատված խաչքարը, որի նախշերը այնքան հմտորեն ու բարակ են քանդակված, որ թվում է, թե վարպետը ասեղով է աշխատել։

Հաղարծնի վանքից ճանապարհը տանում է դեպի թաքնված ջրվեժներ։Այն անցնում է կիրճերի, առվակների, ժայռերի միջով։ Այստեղ լռություն է, մաքուր օդ, ծաղիկների ու խոտերի բույր։ Մենք այցելել ենք այս տեսարժան վայրն ու մի տեսանյութ նկարահանել, որը կարող եք դիտել հետևյալ տեսանյութում.

Ամենաակտիվ և մարզված զբոսաշրջիկները բարձրանում են Ապակեքար, Հաղարծին, Անձավաբացատ լեռները և Դիլիջանը շրջապատող այլ լեռնաշղթաներ։Դեպի լեռները տանող դժվարանցանելի ճանապարհն արդարացնում է իրեն վերջում, երբ քո առջև սքանչելի տեսարաններ են բացվում:

Ոչ այդքան ակտիվ, բայց բնության սիրահար զբոսաշրջիկները կարող են շրջել «Հարբած անտառում»։ Անտառն այս անվանումն է ստացել սողանքների հետևանքով ծռված սոճիների տարօրինակ ձևի պատճառով։

Վանքեր

Թերևս Դիլիջանի ամենատպավորիչ վանական համալիրը Հաղարծինն է (XI–XIII դդ.)։ Կարելի է ասել, որ այն պետք է պարտադիր այցելել։ Վանք է տանում ոլորապտույտ ճանապարհը։ Հաղարծինը գտնվում է ձորի մոտ, որի մյուս կողմում խիտ անտառ է։ Համալիրի տարածքում են գտնվում Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր և Սուրբ Ստեփանոս եկեղեցիները, կից շինությունները, Բագրատունիների թագավորական ընտանիքի դամբարանը։ Այստեղ ուզում ես կանգ առնել, նայել եկեղեցիների քարերի նախշերին, ուսումնասիրել հնագույն խաչքարերի յուրաքանչյուր փորվածք և պարզապես վայելել բնությունը։

Ազգային պարկի անտառներում թաքնված են հնագույն, սակայն լքված վանքեր։ Դրանց մետ են տանում խոտերով պատված արահետները, կառույցներն իրենք էլ արդեն անցել են բնության իշխանությանն տակ։ Ջուխտակվանքը և Մաթոսավանքը՝կառուցված XIII դ., գտնվում են Բլդան գետի կիրճի հակառակ կողմերում։ Ջուխտակվանքը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր։ Այստեղից էլ անվանումը՝ ջուխտ - զույգ։ Մաթոսավանքում պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, գրապահոցը և գավիթը։

Ա Աղավնավանքը (XI-XII դդ.) թաքնված է Ախնաբադ կոչվող անտառներում։ Ըստ լեգենդի՝ տեղացի երիտասարդը բուժել է հարուստ գեղեցկուհի Նաբադին և որպես վարձատրություն նրա ձեռքը խնդրել։ Աղջիկը հրաժարվել է, և բժիշկը երկար թափառել է անտառով՝ ողբալով. «Ա՜խ, Նաբադ»: Մի անգամ նա տեսել է գեղեցկուհուն լեռնային գետի ջրերում, որից հետո իրեն ցած է նետել ժայռից: Համագյուղացիներն այնքան են սիրել տղային, որ նրա պատվին կանգնեցրել են «Ախնաբադ» եկեղեցին։ Եկեղեցու մյուս անվանումն է Սուրբ Աստվածածին Անապատ։

Շարամբեյան փողոց

Դիլիջանը տարիների ընթացքում փոխվել է, խորհրդային տարիներին բազմաթիվ շենքեր են կառուցվել։ Բայց Շարամբեյան փողոցում որոշել են պահպանել հայկական ազգային ոգին։ Փողոցը կրում է հայ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անունը, ով Ժողովրդական արվեստի թանգարան է հիմնել Դիլիջանում։ Փողոցի երկայնքով հին քարե տներ են՝ փայտե փորագրված պատշգամբներով և կարմիր սալիկապատ տանիքներով։ Այստեղ գործում են տարբեր արհեստանոցներ՝ հյուսում են գորգեր, զբաղվում խեցեգործությամբ, փայտի փորագրությամբ։ Մեկ այլ փողոցում՝ Մյասնիկյան 34 հասցեում Արման Բադեյանը և Մարգարիտա Մալխասյանը ստեղծում են դարեր առաջ Հայաստանում հայտնաբերված զարդերի կրկնօրինակները։

Զբոսանք քաղաքում

«Հին քաղաքը», այսինքն՝ արհեստավորների փողոցը տեսնելուց հետո բարձրացեք Մյասնիկյան փողոցով դեպի ամֆիթատրոն։ Հունական ոճով այս կոմպոզիցիան բաղկացած է սափորով աղջկա քանդակից, սյուներով կամարից և հենց ամֆիթատրոնից: Այնուհետև ճանապարհը տանում է դեպի քաղաքային այգի։ Կարելի է զբոսնել այնտեղ, հանգստանալ լճի մոտ կամ ստուգել ձեր ճարտարությունը VereV ճոպանների այգում։

Բոլոր զբոսաշրջիկներն այցելում են «Միմինո» քանդակը։ Հիշու՞մ եք Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսի արտահայտությունը. «Դիլիջանում ծորակը բացում ես, ջուրը հոսում է․․․Աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում»: Հենց այդ ջուրը կարելի է համտեսել այստեղ։

Դիլիջանի թանգարանները

Շարամբեյան փողոցում գործում է Ժողովրդական արվեստի թանգարան, որի ցուցանմուշները տեղացի վարպետների տարբեր ժամանակների ձեռագործ աշխատանքներն են։ Կենտրոնական բանկը շրջայցեր է իրականացնում Փողի թանգարանում։ Այնտեղ ցուցադրված են հազվագյուտ մետաղադրամներ, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ դարով։ Երկրամասի թանգարանում ձեզ կպատմեն, թե ինչ գտածոներ են հայտնաբերվել Դիլիջանի տարածքում, ինչ են հագել տեղացիները մի քանի դար առաջ։ Թանգարանի երկու հարկերը զբաղեցնում է արվեստի պատկերասրահը, որտեղ ցուցադրված են հայ նկարիչների, այդ թվում՝ Այվազովսկու և Սարյանի աշխատանքները։

Լաստիվեր

Դիլիջանից 45 կմ հեռավորության վրա գտնվում է Լաստիվերը՝ էկոտուրիստների սիրելի վայրը։ Սա խորը կիրճ է, որի միջով լեռնային գետ է հոսում։ Մարդիկ իջնում են այստեղ՝ հիանալու ջրվեժներով, և ամենակարևորը՝ ճգնավորների քարանձավներով։ Ճանապարհին զբոսաշրջիկները կանգ են առնում գունավոր փայտե խրճիթներով բացատում։

Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերը

Դիլիջանից Վանաձոր տանող ճանապարհին են գտնվում Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերը։ Հետաքրքիր է ուսումնասիրել այս գյուղերը, քանի որ այստեղ ապրում են մոլոկաններ, որոնք Հայաստան են տեղափոխվել 19-րդ դարի սկզբին Տամբովի նահանգից։ Նրանք ուղղափառ քրիստոնյաներ կամ հոգեւոր քրիստոնյաներ են, ինչպես իրենք են իրենց անվանում, որոնք մյուս ուղղափառներից տարբերվում են ծոմի ժամանակ կաթնամթերք ուտելու ավանդույթով։ Բացի այդ, նրանք չեն ճանաչում խաչը և խաչի նշանը, սրբապատկերները և եկեղեցական աստիճանակարգությունը: Մոլոկանների մասին ավելի մանրամասն պատմել ենք այս հոդվածում.

Իրադարձություններ

Ամառը Դիլիջանում հետաքրքիր է անցնում։ Այստեղ միանգամից մի քանի փառատոներ են տեղի ունենում։

Դիլիտոն փառատոն (DiliTon Festival) . Արհեստների ամենամսյա տոնավաճառներ են: Մայիսից մինչև օգոստոս ամսվա յուրաքանչյուր վերջին կիրակի օրը տեղի արհեստավորներն առաջարկում են իրենց արտադրանքը։ Այս ամենն ուղեկցվում է երաժշտությամբ և հյուրասիրությամբ։

Ամեն տարի ամռանը անց է կացվում գաստրոֆեստ։ Այս «համեղ» փառատոնի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերի մասնակիցներն առաջարկում են իրենց ուտեստները։ 2023 թվականին միջոցառմանը ներկա էր նաև Move2Armenia թիմը՝ մինի-տոնավաճառում ներկայացնելով հայկական ապրանքանիշերը։

2023թ հուլիսի 15-ին տեղի ունեցավ Դիլի ռոք փառատոնը,որտեղ հանդես եկան վառ երաժիշտներ։ Փառատոնը գրավում էր ոչ միայն երաժշտությամբ, հյուրերը հնարավորություն ունեին մասնակցել էներգիաների արվեստի վարպետության դասին և «նկարել՝ գարեջուրը ձեռքին»:

Օգոստոսի 5-ին և 6-ին հյուրերը կվայելեն ոչ թե տարբեր ուտեստներ, այլ գինի, քանի որ տեղի կունենա Dilijan Wine Fest-ը։ Փառատոնին կմասնակցեն 25 գինի արտադրողներ Հայաստանից և արտերկրից։ Հնարավոր կլինի ոչ միայն համտեսել, այլ նաեւ մասնակցել վարպետության դասերի եւ նույնիսկ գինով նկարել։

Սեպտեմբերի 2-ին արվեստի և արհեստի փառատոնին կարող եք ավելի մոտիկից ծանոթանալ ժողովրդական արհեստներին: Հայաստանի տարբեր մարզերի մասնակիցները հյուրերին ցույց կտան, թե ինչպես են պատրաստվում այն իրերը, որոնցով հայտնի են իրենց մարզերը։

Էքսկուրսիաներ

Տուրիստական ընկերությունների մեծ մասը էքսկուրսիաներ է կազմակերպում ոչ միայն Դիլիջան, այլև դեպի միանգամից մի քանի վայրեր։ Օրինակ՝ Դիլիջան + Սևան, Դիլիջան + Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, հյուսիսի վանքեր։ Օրինակ՝ Yerevan Online տուրիստական գործակալությունն առաջարկում է Դիլիջան - Հաղարծին - Սևան - Արծվական գյուղ երթուղին։ Դուրս են գալիս Երևանից, այցելում են Հաղարծնի վանական համալիրը, իսկ Դիլիջանում կանգ են առնում Միմինոյի հուշարձանի մոտ։ Այնուհետև այցելում են Սևան և Սևանավանք։ Օրն ավարտվում է Արծվական գյուղում, որտեղ զբոսաշրջիկներին հյուրասիրում են տնական պանիրներ։

Հայաստանում վստահելի զբոսավարների կոնտակտները նշված են տեղեկատուում։.

Կան նաև արտասովոր տուրեր դեպի Դիլիջան։ Imagine Tour-ը ձիերով զբոսանք է կազմակերպում Դիլիջանի լեռներում՝ բնության գրկում պիկնիկով, այնուհետև՝ զբոսանք քաղաքի տեսարժան վայրերով:

Հիշարժան էքսկուրսիայի կարելի է մմեկնել նաև Գյումրիից։ Էքսկուրսավար Հովհաննեսը կազմակերպում է «Ամենահամեղ տուրը». Հյուրերը նախաճաշում են Ֆիոլետովո գյուղում՝ մոլոկանների մոտ, այցելում են Դիլիջան ու Սևան և համտեսում տնական պանիրներ։

Եթե դուք ինքնուրույն եք եկել Դիլիջան և ցանկանում եք էքսկուրսիա գնալ, ապա Ձեզ կօգնի Տուրիստական տեղեկատվական կենտրոնը։ Նրանք առաջարկում են էքսկուրսիաներ քաղաքում, դեպի Հաղարծնի վանական համալիր, Գոշավանք, Պարզ և Գոշ լճեր։ Ապակեքար լեռան ստորոտին կարելի է մասնակցել ձիերով զբոսանքի, իսկ Դիմաց և Հայրիքար լեռներ ձեզ կտանեն ջիպերով։ Դիլիջանի բնությանը ծանոթանալու համար գնացեք քայլարշավի։ Տեղեկատվական կենտրոնն առաջարկում է հետևյալ երթուղիները.

  • Թաքնված ջրվեժ,
  • Շշնջացող ջրվեժ,
  • Պարզ լիճ - Գոշավանք,
  • Միջնադարյան վանքերի արահետ։

Էքսկուրսիաների և քայլարշավների արժեքն ու նկարագրությունը կարելի է գտնել GoToDili կայքում,.

Էլ ավելի շատ տուրիստական երթուղիներ է առաջարկում Hike Armenia-ն:

  1. Խաչարձան գյուղ - Գոշ լիճ,
  2. Երեք գագաթների արահետ (Անձավաբացատ, Արևելյան Հայրաքար, Արևմտյան Հայրաքար),
  3. Շշնջացող ջրվեժ,
  4. Երեք բազե,
  5. Ուխտագնացություն դեպի բնություն,
  6. Միջնադարյան վանքերի արահետ,
  7. Անտառի թագավոր,
  8. Ապակեքար լեռ,

Հավելվածը կարող եք ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից,որի մեջ կարող եք գտնել նշված արահետներով քարտեզ։ Եթե վախենում եք մոլորվել, նախապես դիմեք էքսկուրսավարներից մեկին. կոնտակտները նշված են կայքում:

Հյուրանոցներ և հյուրատներ

Մուտքը Դիլիջան

Կամոյի փողոցում բացվել է Դիլիջանի թերևս ամենահետաքրքիր հյուրանոցը՝ Cozy House Dilijan-ը։Այն բաղկացած է Հոբիթների տներից և Թոլքինի աշխարհից։

Դիլիջանի ջրվեժի տան (Dilijan Waterfall House) սեփականատերերը արհեստական ջրվեժ են սարքել, որը ևս գրավում է զբոսաշրջիկներին: Սակայն գլխավորն այս վայրում հարմարավետությունն է, երբ զգում ես քեզ, ինչպես տանը։

Best Western Plus Paradise Hotel Dilijan-ը հարմարավետ հյուրանոց է լողավազանով և առողջարանային հարմարություններով: Սենյակներից շատերն ունեն պատշգամբներ, որոնք նայում են ազգային պարկին։

Շարամբեյան փողոց

Արհեստանոցները և թանգարանը, որոնց մասին արդեն նշել ենք, ընդգրկված են Թուֆենկյան Հին Դիլիջան համալիրում (Tufenkian Old Dilijan Complex)։ Համալիրի մի մասը կազմում է«Հին Դիլիջան»հյուրանոցը, որի համարները գտնվում են հենց արհեստների փողոցի հին տներից մեկում։

Նույն փողոցում կա ևս մեկ հյուրանոց`«Փոքր Դիլիջան» (Petit Dilijan)։Այն ավելի համեստ տեսք ունի, սակայն պակաս հարմարավետ չէ և նույնպես գտնվում է փորագրված պատշգամբներով տան մեջ։

«Դիլիջանի լեգենդները» հյուրանոցի համարները կահավորված են գորգերով, բազմաթիվ փայտե իրերով, որը միանշանակորեն հարմարավետության զգացողություն է ստեղծում։

Ազգային պարկ

Գտնվում է Պարզ լճի մոտ՝ Պարզ լիճ հանգստյան գոտի։Դրանք չորս հոգու համար նախատեսված փայտե տնակներ են։ Այստեղ կարող եք կանգ առնել նաև ձեր սեփական վրանով։

Սավառնել bուտիկ-հյուրանոցի լուսամուտները բացվում են դեպի Ազգային պարկ։ Հյուրերին հիացնում է ոչ միայն տեղի բնությունը, այլ նաև այս ոճային և ժամանակակից հյուրանոցի ձևավորումը։

Ավելի շատ հյուրանոցներ և հյուրատներ կարելի է գտնել GoToDili կայքում,որը համագործակցում է Տուրիստական տեղեկատվական կենտրոնի հետ։

Սրճարաններ և ռեստորաններ

  Carahunge զարդարված է Դիլիջանի ավանդական ոճով՝ քարի և փայտի օգտագործմամբ։ Պատշգամբից գեղեցիկ տեսարան է բացվում, իսկ պատվերին սպասելիս կարելի է գիրք ընթերցել երկրորդ հարկի գրադարանից։

Եթե ցանկանում եք ազգային խոհանոց փորձել, գնացեք Արմենի Տուն ռեստորան (Toon Armeni Restaurant):Հնարավոր է, որ այն ձեզ այնքան դուր գա, որ որոշեք մնալ հենց տեղի հյուրանոցում:

Ոմանց համար Հայաստանը ասոցացվում է համեղ խոհանոցի հետ, ոմանց համար էլ՝ ջազի, չէ որ տեղացիներն այն շատ են սիրում։ Գինու բաժակի շուրջ կարելի է երաժշտություն վայելել Դիլիջազում։ Ի դեպ, այնտեղ կարելի է նաև գիշերել։ Նույնիսկ ընտանի կենդանիների տերերի համար «Բունգալո» կա՝ ելքով դեպի փողոց։

Ներկայացված վայրերից մեկում անպայման փորձեք Դիլիջանում արտադրվող մրգային օղին՝ Դիլվադոսը:

Իսկ եթե ինչ-որ քաղցր բան եք ուզում, այցելեք Darchin pastry and cafe սրճարան։Այստեղ ձեզ կզարմացնեն բացառիկ աղանդերի մատուցմամբ։

Դիլիջան մեկնելիս ճանապարհին կարող եք կանգ առնել Գավառ։Կամ էլ Դիլիջանից հետո այցելել Բերդ քաղաքը։Այս և այլ հետաքրքիր վայրերի մասին Հայաստանում կարդացեք «Զբոսաշրջություն» բաժնում։

Դեռ ունե՞ք հարցեր ձեր ճանապարհորդության վերաբերյալ: Մեր աջակցության թիմը սիրով կպատասխանի նրանց: @move2armenia_official հասցեով. Բարի ճանապարհորդություն:

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Զբոսաշրջություն» բաժնում
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Դիլիջան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
  • Միլեն
    06.01.2024 в 13:21

    ??? Մեծ բավականություն ստացա, հաճույքով ընթերցեցի։

  • Նատալյա
    16.07.2023 в 23:50

    Շնորհակալություն մանրամասն և հետաքրքիր վերանայման համար:

Ավելացնել մեկնաբանություն
Սա հետաքրքիր է