Գիտե՞ք, որ XX դարի 60-ականներից սկսած՝ Հայաստանի շենքերի մեծ մասը կառուցվել է մոդեռնիստական ոճով։ Այդ շենքերից շատերը կառուցվել են իրենց ժամանակի համար փորձարարական և նորարարական նախագծերով։ Եվ չնայած այն հանգամանքին, որ տարիների ընթացքում մոդեռնիստական ժառանգության որոշ օբյեկտներ քայքայվել են և վերակառուցման կարիք ունեն, դրանք շարունակում են մնալ Հայաստանի այցեքարտը, ինչպես նաև դառնում են զբոսաշրջիկներին գրավող կետեր։
Մեր ուղեցույցում դուք կգտնեք ինը մոդեռնիստական շենքեր ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում: Պահպանեք այն, որպեսզի վաղ թե ուշ կարողանաք տեսնել դրանք ձեր սեփական աչքերով․ յուրաքանչյուր օբյեկտի նկարագրությանը զուգահեռ նշել ենք նաև հասցեն։
Երկաթե շատրվան
Գյումրի, Սավոյան փողոց
Շատրվանը տպավորիչ չափերի մի ջահ է հիշեցնում, որը բաղկացած է բազմաթիվ թիթեռների թեւերից կամ ծաղկաթերթիկներից։ Այն կառուցվել է 1982 թվականին ճարտարապետ Արթուր Թարխանյանի նախագծով Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտից ոչ հեռու և ծայրամասային թաղամասն անմիջապես վերածել գրավիչ մի վայրի։ Շատրվանն աշխատել է մինչև 1988 թվականը. երկրաշարժի ժամանակ ավերվել են և՛ թաղամասը, և՛ կոմունիկացիաների համակարգը, սակայն բուն շատրվանը ընդհանրապես չի տուժել։
© Ռոբերտ Կոնտե
Նախկին միջազգային հեռախոսակայան
Երեւան, Ազատության պողոտա, 24/1
Տասը հարկանի շենքի ճակատը զարդարված է ձևավոր երեսպատմամբ, որը ոչ միայն դեկորատիվ, այլ նաև արևապաշտպան գործառույթ ունի։ Կայանը կառուցվել է 1971թ․՝ ճարտարապետներ Արմեն Ագալյանի և Գրիգորի Գրիգորյանի նախագծով։ Նախկինում այստեղ միջազգային հեռախոսակայան էր գործում, իսկ այժմ տեղակայված են հեռահաղորդակցական ընկերության գրասենյակներ։
© Ռոբերտ Կոնտե
Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան
Դիլիջան, Թբիլիսյան խճուղի
Դիլիջանի ձյունաճերմակ խորհրդանիշը երկրաչափական դոմինանտ է՝ ուղղված դեպի երկինք։ Հուշարձանը կառուցվել է 1970 թվականին՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Խորեն Վաթինյանի և Սեյրան Ավետիսյանի նախագծով, որոնք հինգ եռանկյունաձև սալաքարերում հավերժացրել են Հայաստանի հինգ տասնամյակները ԽՍՀՄ կազմում։
© Ռոբերտ Կոնտե
Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի №9 մասնաշենք
Երեւան, Տերյան փ., 105/9
Պոլիտեխնիկական համալսարանի հսկա շենքը զարդարված է պատուհանների ձևավոր զարդանախշերով։ Հատկանշական է նաև առաջին հարկերի երեսպատումը՝ մարդկային պատկերներով խիտ բնակեցված խորաքանդակով։ Շենքը կառուցվել է ութսունական թվականներին՝ ճարտարապետ Արմեն Աղալյանի նախագծով։ Այժմ շենքում սովորում են ռադիոտեխնիկայի և տրանսպորտի ֆակուլտետների ուսանողները։
© Ռոբերտ Կոնտե
Շախմատի տուն
Երեւան, Խանջյան փ., 50Ա
Եզակի եռանկյունաձև շինությունը, որի ճակատին տեղակայված են շախմատի յոթ մետաղական խաղաքարեր, կառուցվել է 1970 թվականին Ժաննա Մեշչերյակովայի նախագծով։ Այն ժամանակ Հայաստանում շախմատը մեծ ժողովրդականություն էր վայելում հատկապես աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչումը նվաճած Տիգրան Պետրոսյանի շնորհիվ։ Ինտելեկտուալ այդ սպորտաձևի մրցումներն այսօր էլ անցկացվում են շենքում։
© Ռոբերտ Կոնտե
Գրողների միության հանգստյան տան ճաշարան
Սևան, փ. Ձկնորսների, 7
1969 թվականին կառուցված ֆուտուրիստական շինություն է, որը զարմանալիորեն ներդաշնակորեն միաձուլվում է Սևանի թերակղզու խիստ բնապատկերի հետ: Ճաշարանի նախագծի հեղինակը կոնստրուկտիվիստ, Գեղարվեստի և տեխնիկական բարձրագույն ինստիտուտի շրջանավարտ Գեւորգ Քոչարն է։ Ամռանը կարող եք ճաշարանում սուրճ խմել Սևանա լճի խաղաղ տեսարանով և պատկերացնել, թե ինչպես էին խորհրդային գրողները վայելում նույն անխռով բնապատկերը:
© Ռոբերտ Կոնտե
«Ռոսիա» կինոթատրոն
Երեւան, Տիգրան Մեծի պողոտա, 16
Յոթանասունականների ամենանորարար և անսովոր մոդեռնիստական կառույցներից մեկը: Կինոթատրոնը նավ կամ տապան է հիշեցնում։ 1974 թվականին կառուցված շենքի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։ Այժմ նախկին կինոդահլիճում հաճախ ռեյվներ են կազմակերպում, իսկ նկուղային հարկը դարձել է առևտրի հարթակ։
© Ռոբերտ Կոնտե
Զվարթնոց օդանավակայան
Երևան
Արարատյան դաշտավայրի լանդշաֆտին ոսկերչական ճշգրտությամբ ինտեգրված օդանավակայանի ուրվագիծը՝ գերիշխող կառավարման աշտարակով, որին օդաչուները քնքշորեն «ծիծեռնակի բույն» են անվանում, վաղուց դարձել է հայկական մոդեռնիզմի մարմնավորումը։ 2011 թվականին նոր տերմինալի գործարկումից հետո այս հին կառույցը փակվեց՝ ապամոնտաժման վտանգի տակ հայտնվելով։ Վերջին տասը տարիների ընթացքում բազմիցս է բարձրացվել կառույցի քանդման հարցը։ Ու թեև այն ի վերջո մշակութային ժառանգության օբյեկտ ճանաչվեց, շենքն աստիճանաբար քանդվում է և հրատապ վերանորոգման կարիք ունի։
© Ռոբերտ Կոնտե
Կենտրոնական ավտոկայան
Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա, 14
Այսօր լքված Հրազդանի ավտոկայանը հայկական մոդեռնիզմի խորհրդանշական օրինակներից է։ Հենրիխ Առաքելյանի նախագծով 1978 թվականին կառուցված երկու մասից բաղկացած համալիրում տեղակայված էր տոմսարկղ և սպասասրահ, որը կապվում էր ապակե տաղավար-ծաղիկի հետ, որտեղ բար և խանութ էր գործում։
© Ռոբերտ Կոնտե
Կառույցների հիանալի կադրերի համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել լուսանկարիչ Ռոբերտո Կոնտեին.
Իսկ այցելել այս բոլոր վայրերը կարելի է մեր տեղեկատուի զբոսավարների հետ կամ ինքնուրույն՝ ավտոմեքենայով, որը կարելի է պատվիրել Move2Car.
Ավելացնել մեկնաբանություն