Բառեր չեմ գտնում... Ինչպես շփվել ներքին տեղահանվածների հետ առանց վնաս պատճառելու - Move2Armenia

Բառեր չեմ գտնում ... Ինչպե՞ս շփվել բռնի տեղահանվածների հետ

0
Բառեր չեմ գտնում ... Ինչպե՞ս շփվել բռնի տեղահանվածների հետ
04.10.2023
0
Ֆավորիտներին

Հազարավոր արցախցիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, ապաստան են գտել Հայաստանի քաղաքներում։ Այս մարդիկ հոգնած են, վախեցած, շփոթված, քանի որ մեկնել են դեպի անհայտություն։ Նրանցից ոմանք կարող են զայրցած լինել, ոմանք՝ ընկճված և լուռ, բայց բոլորին էլ սրտացավ մոտեցում է հարկավոր: Այդուհանդերձ, բարդ է սփոփանքի խոսքեր գտնելը, եթե երբեք չեք շփվել նման խորը վիշտ ապրող մարդկանց հետ։ 

Move2Armenia-ի PR մենեջեր Մարիա Գոնչարովան պատմեց, որ իր հարեւանը ընդունել 15 հոգու։ Նա ցանկանում է օգնել բռնի տեղահանված մարդկանց, սակայն չգիտի, թե ինչպես ավելի նրբանկատորեն օգնություն առաջարկել, իսկ որոշ բաների մասին էլ պարզապես չխոսել: Այս հոդվածում մենք հավաքել ենք հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք կօգնեն Մարիային և բոլոր նրանց, ովքեր շփվում կամ շփվելու են Արցախից տեղահանված մարդկանց հետ։

Բովանդակություն

  1. Զրույցը վարելու կանոններ
  2. Ինչպե՞ս շփվել տրավմա ապրած մարդու հետ
  3. Ինչի՞ մասին պետք է խոսել և ինչի՞ մասին պետք չէ խոսել
  4. Ինչպե՞ս հասկանալ, որ անհրաժեշտ է հոգեբանի օգնություն
  5. Ինչպե՞ս օգնություն առաջարկել

Զրույցը վարելու կանոններ

  1. Նախ, գնահատեք տուժածի էմոցիոնալ վիճակը և ելնելով դրանից՝ հարմարեցրեք ձեր սեփական վարքն ու տոնը: Եթե մարդն ընկճված է, նրա համար դժվար կլինի ընկալել ակտիվ ու չափից դուրս շփվող զրուցակցին։
  2. Ոչ բոլորն են պատրաստ վստահել և իրենց ապրումներով կիսվել անծանոթի հետ, ուստի նախ պետք է պատմեք ձեր մասին՝ ով եք, ինչ եք անում:
  3. Հարցեր տալով՝ կարող եք բացատրել, թե ինչու է ձեզ հետաքրքրում որոշակի թեմա: Սա կօգնի տուժածին բացվել և հասկանալ ձեր մտադրությունները:
  4. Համոզվեք, որ բռնի տեղահանված մարդն իրեն լսված, հասկացված, գնահատված և հարգված է զգում: Շփվեք հավասարի պես:
  5. Խոսեք հանգիստ և համբերատար:
  6. Մի օգտագործեք հովանավորչական տոն կամ ավելորդ խղճահարությամբ մի նայեք մարդուն:
  7. Զրույցի ընթացքում ակտիվորեն ցույց տվեք ձեր ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը՝ զրուցակցին գրավելու համար։ Գլխով արեք, տեսողական կապ հաստատեք, հարցեր տվեք և կառուցողական արձագանքեք:
  8. Ցույց տալու համար, որ դուք լսել եք, հասկացել եք, և որ զրույցը կարևոր է ձեզ համար, փոքր-ինչ ձևափոխելով՝ կրկնեք զրուցակցի ասածը:
  9. Պատրաստ եղեք դիմակայել զայրույթին, փակ մարդկանց և ինքներդ մի նյարդայնացեք: Զայրույթը սովորաբար ուղղված է ոչ թե ձեզ, այլ իրավիճակին։ Կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ տեղահանված մարդիկ կարող են լիովին արտահայտել իրենց բացասական հույզերը, այլ ոչ թե ճնշել դրանք, դա կօգնի հաղթահարել զայրույթը: Հանգիստ արտահայտեք ձեր մտքերը և ցույց տվեք, որ հասկանում եք դիմացինի զգացմունքները։
  10. Եթե հասկանում եք, որ մարդու համար դժվար է խոսել որոշ տրավմատիկ իրադարձությունների մասին, մի ստիպեք նրան խոսել։ Քննարկումը կարող է հին վերքեր կամ վախեր մերկացնել։ Հիշեք, որ նույնիսկ լավ մտադրությամբ հարցադրումը կարող է ընկալվել որպես կողմնակալ, հատկապես տրավմա ապրած մարդկանց կողմից: Երբեմն բավական է ասել, որ դուք մոտակայքում եք, և անհրաժեշտության դեպքում կարելի է ձեզ դիմել, այլ ոչ թե պարտադրեք ձեր շփումը։
  11. Իհարկե, հասկանալու համար, թե ինչ է զգում մարդը, փորձեք պատկերացնել ձեզ նրա տեղում։

Լուսանկարը՝ Էթյեն Բուլանժեր

Ինչպե՞ս շփվել տրավմա ապրած մարդու հետ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կազմել է Վարքի կանոնների առաջարկություններ՝ փախստականների հետ շփվելիս.

  • մի խուսափեք տեսողական կապ հաստատելուց, միևնույն ժամանակ ակընդետ մի նայեք զրուցակցին
  • դեմքի արտահայտությունը և ձայնի տոնը պետք է ջերմություն և հոգատարություն հաղորդեն
  • չափազանց ակտիվ գլխով մի արեք կամ ժպտացեք. պահեք չափի զգացումը
  • ժեստերը նույնպես չափավոր օգտագործեք, խուսափեք փակ դիրքերից՝ խաչած ձեռքեր և ոտքեր, սեղմված ձեռքեր
  • ֆիզիկապես գտնվեք նույն մակարդակի վրա
  • թեթևակի թեքվեք առաջ՝ ցույց տալով ուշադրություն, բայց ոչ լարվածություն
  • պահպանեք ձայնի միջին բարձրություն և խոսքի արագություն
  • խուսափեք երկարատև դադարներից, նյարդային ծիծաղից և մշտական հազից
  • ձեր և զրուցակցի միջև հեռավորությունը պետք է լինի կես մետր։

Ինչի՞ մասին պետք է խոսել և ինչի՞ մասին պետք չէ խոսել

Երբ լարվածությունը բարձր է, հարցով կամ պարզապես անտեղի արված արտահայտությամբ մարդուն անհանգստացնելու հավանականությունը ավելի է մեծանում: Հարկավոր է ուշադիր ընտրել բառերը և զգոն լինել։

Խորհուրդ ենք տալիս․

  1. Ձեր կարեկցանքն արտահայտել, ընդգծել տուժածի ջանքերը դժվարին իրավիճակից ինքնուրույն դուրս գալու ուղղությամբ։
  2. Դուք կարող եք ասել. «Ձեզ հետ ամեն ինչ նորմալ է, ձեզ հետ տեղի ունեցող իրադարձություններն են աննորմալ»:
  3. Երբեմն հոգատարությունն ավելի լավ է, քան ցանկացած խոսք․ մարդուն հնարավորություն տվեք լռել և զգալ, որ իրեն ընդունում են ցանկացած վիճակում:
  4. Նախ, ինքներդ որոշեք, թե ինչ եք պատրաստ լսել։ Մի խոսեք այնպիսի թեմաների շուրջ, որոնք կարող են վնասել ձեզ: Հոգ տարեք ինքներդ ձեր մասին, այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչպես հոգ տանել ուրիշների մասին։ 
  5. Հաճախ ավելի կարևոր է լսել, քան խոսել: Եթե պատրաստ եք, հնարավորություն տվեք մարդուն խոսել։ Իսկ կանի՞ նա դա, թե՞ ոչ, իր որոշելիքն է։
  6. Գնացեք զբոսանքի և այնտեղ շփվեք: Տուժողի համար կարևոր է շարժվել, զգալ իր մարմինը և փոխել իրեն շրջապատող միջավայրը:
  7. Ձեր զրուցակցի հետ միասին գտեք նրա ներքին ուժը, այն, ինչը նրան նախկինում օգնել է հաղթահարել դժվարությունները և օգնում է նրան հիմա: Մեկի համար դա հավատքն է և աղոթքը, մյուսի համար՝ մեդիտացիան, երրորդի համար՝ ֆիզիկական աշխատանք և այլն։

Խորհուրդ չենք տալիս․

  1. Ուսումնասիրեք արցախցիների բռնի տեղահանման պատճառ դարձած իրադարձությունները։ Առանձնացրեք այն թեմաներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կարող են ձեզ հակասական թվալ կամ տուժողի մոտ զգացմունքային արձագանք առաջացնել: Օրինակ՝ պատմական իրադարձություններ, քաղաքական իրավիճակ և այլն։ Նման հարցերի շուրջ խոսել կամ դրանք քննարկել չարժե։
  2. Անաչառ եղեք, մի դատեք մարդուն և մի օգտագործեք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են. «Պետք է այսպես վարվեիք»:
  3. Մի խոսեք ձեր սեփական դժվարությունների մասին. սա այն չէ, ինչ մարդն այժմ ցանկանում է լսել, և դժվար թե ձեր խնդիրները համեմատելի լինեն նրա փորձությունների հետ:
  4. «Հավաքվեք», «ժպտացեք», «ավելի ուրախ եղեք» և այլ նման արտահայտությունները չեն օգնում, այլ միայն նյարդայնացնում են։ Եթե մարդն ուժ ունենար դա անելու, նա կաներ դա։
  5. Արտակարգ իրավիճակներում աշխատող հոգեբանները խորհուրդ չեն տալիս վստահեցնել. «Ամեն ինչ լավ է լինելու»։ Սա ընկալվում է ոչ թե պարզապես որպես խրախուսանք, այլ որպես խոստում, որը պատասխանատվություն է դնում դա հնչեցնողի վրա։

Լուսանկարը՝ Պրիսցիլա Դու Պրես

Ինչպե՞ս հասկանալ, որ անհրաժեշտ է հոգեբանի օգնություն

  1. Մարդիկ, ովքեր ունենում են տրավմայի միջով են անցնում, մոռանում են իրադարձությունների ճշգրիտ ամսաթվերը և մանրամասները: Ոմանք գուցե չկարողանան խոսել կատարվածի մասին։
  2. Սթրեսը մատնանշող հեշտությամբ ճանաչելի ֆիզիկական ռեակցիաները․ հոգնածություն, նյարդայնություն, տեսաղական շփումից խուսափում, քնի հետ դժվարություններ: Եթե դրանք երկար են տևում, ապա պետք է խոսել հոգեբանի հետ։
  3. Մասնագետի օգնություն է պահանջվում, եթե հոգեվիճակը թույլ չի տալիս մարդուն ինքնուրույն հոգալ իր կամ մտերիմների մասին, կատարել առօրյա գործեր։
  4. Հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանիշը, որով դիմում են հոգեբույժին կամ հոգեբանին, զրույցի կտրուկ ընդհատումն է: Տուժողը լռում է՝ մտնելով դիսսոցիատիվ վիճակ՝ հիշողություններից խուսափելու համար։
  5. Ոչ մասնագետի համար դժվար է հասկանալ, թե արդյոք մարդու մոտ ընկճախտ կա, բայց կան որոշակի ախտանիշներ: Դրանց թվում են դանդաղ շարժումները և միևնուն ժամանակ անհանգստությունը, անքնությունը կամ քնկոտությունը, էներգիայի կորուստը, մեղքի զգացումը, ցածր ինքնագնահատականը, ինքնասպանության մասին մտքերը, էմոցիոնալ անկայունությունը։
  6. Տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մարդը կարող է լինել ոչ միայն զայրացած, այլև ագրեսիվ: Եթե նա վտանգ է ներկայացնում իր կամ ուրիշների համար, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի։
  7. Հոգեկան խնդիրները կարող են թաքնված լինել հոգեսոմատիկայի հետևում, օրինակ՝ գլխացավ, կոկորդում գոյացության զգացում։ Եթե խնդիրը հնարավոր չէ լուծել թերապևտի հետ, հավանաբար հոգեբանը կօգնի:

Եթե տուժողի մոտ նկատում եք նման նախանշաններ, նրբորեն հայտնեք ձեր անհանգստությունը նրա վարքագծի փոփոխության վերաբերյալ և առաջարկեք քննարկել այն, պարզել, թե ինչ է զգում մարդը: Հոգեբասնի հետ աշխատելու թեման քննարկելիս զգույշ եղեք, մի պնդեք։

Այս հիմնադրամի մասնագետներն անվճար հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանվածներին՝ Frontline Therapists (Առաջնագծի թերապևտներ): Նրանք անցկացնում են անհատական և խմբակային սեանսներ, մեդիտացիա, արտ-թերապիա։ Աշխատում են հոգեբաններ, հոգեբույժներ և սոցիալական աշխատողներ: Հոգեբանական աջակցության թեժ գիծ: +374 43 842084.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս բացել է հոգեբանական խորհրդատվության թեժ գիծ: +374 10 552495.

Դուք կարող եք անվճար ընդունելություն ստանալ Երևանի պետական համալսարանի մասնագետի կողմից՝զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 105259 կամ +374 94 093409։

Լուսանկարը՝ ՇՎԵՑ արտադրություն

Ինչպե՞ս օգնություն առաջարկել

  1. Նախ, հասկացեք, արդյոք դուք կարող եք միանշանակ օգնություն ցուցաբերել կամ աջակցել այն ստանալու հարցում: Առաջարկեք օգնել միայն այն դեպքում, եթե վստահ եք արդյունքում, հակառակ դեպքում, ուռճացված և չարդարացված սպասումները կարող են միայն խորացնել մարդու առանց այն էլ անկայուն հոգեվիճակը: Խոստումների փոխարեն ավելի լավ է ասեք, որ ձեր ուժերի սահմաններում ամեն ինչ կանեք, թվարկեք առկա խոչընդոտներն ու սահմանափակումները։
  2. Երբ առաջարկում եք ձեր օգնությունն ու խնամքը, անկեղծ եղեք։ Հիշեք, որ դուք պարտավոր չեք օգնել, դա միայն ձեր ներքին մղումն է։
  3. Ավելի լավ է տեղեկատվություն տալ, քան խորհուրդ, հատկապես, երբ ձեզնից խորհուրդ չեն խնդրել:
  4. Տեղահանված մարդը կարող է անհարմար զգալ ձեր օգնությունն ընդունելուց, այնպես որ տեղեկացրեք նրան, որ այն ամենն, ինչ անում եք, ձեր ուժերի սահմանում է։

Հաղորդակցությունը սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև տրավմայի հետ աշխատելու կարևոր տարր է: Խոսելը պարզապես անհրաժեշտություն է դառնում, այնպես որ բանավոր աջակցություն ցուցաբերեք, բայց եղեք զգույշ և քաղաքավարի:

Հոդվածը գրելիս մեզ օգնեց հոգեբան-վնասվածքաբան Ալլա Ցիպլյոնկովան։ Ալլայի աջակցությամբ ստեղծված Move2Armenia ևս մեկ նյութ. «Ի՞նչ անել, եթե ձեզ համակել է տագնապը. խորհուրդներ հոգեբաններից»։.

Տեղեկատվության աղբյուրներ.

  1. Կլարա Յագոդինսկայա, Փախստականների օգնության առանձնահատկությունները հոգեբանների պատմություններում. URL: https://nuzhnapomosh.ru/media/post/osobennosti-pomoshhi-bezhencam-v-rasskazah-psihologov/.
  2. Լարիսա Իոնովա, Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբան. Ի՞նչ չի կարելի ասել փախստականներին. URL: https://rg.ru/2022/05/03/reg-ufo/psiholog-mchs-kakuiu-frazu-nelzia-govorit-bezhencam.html.
  3. MHFA Ersthelfer. Richtlinien zum Umgang mit Depressionen. URL: https://www.mhfa-ersthelfer.de/media/filer_public/47/59/47593346-af89-4197-ba69-b617c86a5599/mhfa_umgang_mit_depressionen_russisch.pdf.
  4. Physiopedia contributors. Effective Communication for Displaced Persons. URL: https://www.physio-pedia.com/Effective_Communication_for_Displaced_Persons.
  5. UNHCR The UN Refugee Agency, Effective and Respectful Communication in Forced Displacement. URL: https://www.refworld.org/pdfid/573d5cef4.pdf.
  6. ԱՀԿ; War Trauma Foundation; World Vision International, Առաջին հոգեբանական օգնություն, Ուղեցույց դաշտային աշխատողների համար. URL: http://www.who.int/mental_health/publications/guide_field_workers/en/.
Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Հասարակություն
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Բառեր չեմ գտնում ... Ինչպե՞ս շփվել բռնի տեղահանվածների հետ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է