Հայ երաժիշտներ՝ ամեն ինչ Հայաստանի երգիչների, երգիչների և երաժշտական խմբերի մասին

Ու հնչեց երգը… Կամ պատմություն հայ երաժիշտների ու երգահանների մասին

1
Ու հնչեց երգը… Կամ պատմություն հայ երաժիշտների ու երգահանների մասին
14.08.2023
1
Ֆավորիտներին

Հայերը սիրում են երգել, հայկական երաժշտությունն էլ իր դարավոր պատմությունն ու ճանաչելի ոճն ունի։ Ազգային մեղեդիները, ավանդական նվագարանների հնչողությունն ինչպես նախկինում, այդպես էլ այսօր իրենց ազդեցությունն են թողնում երգիչների և երգահանների վրա։ Հայաստանն աշխարհին է նվիրել տարբեր ժանրերում ստեղծագործող մեծ երաժիշտների։ Այս հոդվածում պատմում ենք ինչպես ժամանակակից կատարողների, այնպես էլ նրանց մասին, ում երաժշտությունը հնչում է ավելի քան մեկ տասնամյակ։ Նրանցից ոմանք հայտնի են իրենց երկրում, իսկ ոմանք հայտնի են անգամ դրա սահմաններից դուրս։

Բովանդակություն

  1. Երաժիշտներ
    1. Ռոք
    2. Փոփ
    3. Ռեփ և հիփ-հոփ
    4. Էլեկտրոնային երաժշտություն
    5. Ջազ
    6. Շանսոն
    7. Հեղինակային երգ
    8. Դասական երաժշտություն
    9. Օպերա
    10. Ազգային երաժշտություն
    11. Ռեգգի
    12. Այլ նախագծեր
  2. Երգահաններ

Երաժիշտներ

Այս բաժնում մենք խմբավորել ենք կատարողներին ըստ երաժշտական ժանրերի: Նման բաժանումը պայմանական է, քանի որ արտիստները համատեղում են տարբեր ժանրեր, էքսպերիմենտներ անում։ Հազվադեպ կարելի է գտնել երաժիշտների, ում ստեղծագործությունները կարելի է դասել միայն մեկ ժանրի: Այնուամենայնիվ, ընթերցողների հարմարավետության համար արտիստներին դասակարգել ենք ըստ նրանց երաժշտության մեջ գերակշռող ուղղությունների։

Ռոք

Հայաստանում առաջին ռոք կատարողները հայտնվեցին խորհրդային տարիներին։ Արթուր Մեսչյանը ստեղծեց «Առաքյալներ» խումբը 1967 թ.։ Խմբի առանձնահատկությունը հոգևոր և ռոք երաժշտության համադրումն էր։ Սա առաջին ռոք խումբն էր, որը երգում էր հայերեն և նույնիսկ ստեղծեց առաջին հայկական ռոք-օպերան՝ «Խենթանոցը»:

«Բամբիռը» («The Bambir») 1978 թվականից զբաղվում է ֆոլկ-ռոքով։ Երաժիշտները գնահատում են հայկական ավանդական և դասական երաժշտությունը և այն մեկնաբանում իրենց ոճով։ Նրանք հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ազգային մոտիվներ են հնչում նաև «Ոստան Հայոց», խմբի ստեղծագործություններում, որը նախընտրում է ավելի կոշտ ռոք: «Ոստան Հայոց»-ը հայտնի է որպես Երևանի առաջին ռոք-ակումբի հիմնադիր։

Խոսելով սովետական ռոքի մասին՝ չի կարելի չհիշատակել ևս մի քանի հայերի, ովքեր ազդել են ԽՍՀՄ-ում այս ուղղության զարգացման վրա։ Խոսքը Ստաս Նամինի ՝ «Ծաղիկներ» («Цветы»)խմբի առաջատար, պրոդյուսեր, ԽՍՀՄ միջազգային Moscow Music Peace Festival ռոք փառատոնի կազմակերպիչի մասին է, ինչպես նաև «Կինո» («Кино») խմբի նախկին կիթառահար Յուրի Կասպարյանի եւ «Դիակիզարան» («Крематорий») խմբի հիմնադիր Արմեն Գրիգորյանի մասին։.

Հանրահայտ հայերի թերևս ոչ մի ցուցակ ամբողջական չէ առանց «System of a Down»խմբի։ Նրանք իսկական ռոք լեգենդներ են, որոնցով հպարտանում է ողջ Հայաստանը, իսկ խմբի անդամներն իրենց հերթին չեն մոռանում իրենց ծագման մասին: Նրանց երգացանկում ընդգրկված են Արցախին սատարող երգեր՝ «Պաշտպանել հողը» («Protect the Land») և «Ցեղասպան հումանոիդներ» («Genocidal Humanoidz»):.

Մելամաղձոտ ալտերնատիվ ռոք է կատարում «The Beautified Project» խումբ, որը հայտնի է Մեծ Բրիտանիայում և համագործակցում է ամերիկյան լեյբլի հետ: Խմբի տեսահոլովակները ցուցադրվել են MTV-ով։

ԱՊՀ երկրներում հայտնի է «Louna» խումբը։Խմբի մենակատար Լուսինե Գեւորգյանը Կապանից է։ «Louna» խումբը գրավում է երգերի տեքստերով, որոնցում երաժիշտները չեն վախենում բարձրաձայնել իրենց կարծիքը, երգել ազատության և խաղաղության մասին։

Իսկ հիմա անցնենք հայ կատարողներին, որոնք ավելի մեծ ժողովրդականություն են վայելում երկրի ներսում։

Երբ հարցնում ես, թե որ ռոք խմբի կատարումներն են լսում, հայերի ճնշող մեծամասնությունը նշում է «Նեմրա» և «Լավ Էլի»խմբերը։ Երկուսն էլ ստեղծագործում են ալտերնատիվ ռոք ժանրում։ «Նեմրան» փորձարկում է նաև ինդի երաժշտությունը, իսկ «Լավ Էլին»՝ ֆոլկ: Պրոգրեսիվ ֆոլկ-ռոք ժանրում է հանդես գալիս նաև Վահան Արծրունին, ով 2000 թվականին ստեղծել է «Արծրունի» խումբը։ Նրա ստեղծագործություններում կարելի է լսել ավանդական մոտիվներ, երբեմն էլ ջազային նոտաներ։

Փոփ

Փոփը աշխարհում ամենատարածված երաժշտական ժանրերից մեկն է, իսկ Շերը՝ ամենահայտնի փոփ կատարողներից։ Երգչուհին, ում անվանում են փոփ երաժշտության աստվածուհի կամ թագուհի, հայկական արմատներ ունի և բազմաթիվ երկրպագուներ Հայաստանում։

Ոչ բոլորը գիտեն, բայց խորհրդային ու ռուսական էստրադայի երգչուհի Իրինա Ալեգրովան ծնվել է Դոնի Ռոստովում՝ հայկական ընտանիքում։ Նրա երգերը հայտնի են ԱՊՀ երկրներում։ Կարաոկե ակումբներում մշտապես կատարում են նրա «Առևանգողը» («Угонщица») կամ «Կրտսեր լեյտենանտ» («Младший лейтенант») երգերը:.

Հայկական սփյուռքում սիրված կատարողներ են Հարութ Փամբուկչյանը և Արմենչիկը։. Հարութ Փամբուկչյանի երգացանկում ընդգրկված են ժողովրդական մոտիվներով բազմաթիվ հայրենասիրական երգեր։ Արմենչիկի հետ նրա «Անցիր այ գետակ» զուգերգը ունկնդիրների ամենասիրած ստեղծագործություններից է։ Կիսվենք ևս մի հետաքրքիր փաստով․Արմենչիկը ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի հետ ձայնագրել է «Հենց Հիմա» («Hents Hima») երգը։

Բազմաթիվ հայ կատարողների համար «Եվրատեսիլ» երգի մրցույթը ճանապարհ հարթեց դեպի արտասահմանյան երաժշտական չարթեր։ Հայաստանն առաջին անգամ մրցույթին ելույթ է ունեցել 2006 թվականին։ Երկիրը ներկայացրել է երգիչ Անդրեն «Առանց քո սիրո» («Without Your Love») երգով։.

Հայ և արտասահմանցի ունկնդիրների սիրելին դարձավ երգչուհի Սիրուշոն, ով 2008թ կատարեց «Քելե Քելե» երգը։Անդրեի նման երգչուհին հմտորեն միահյուսում է հայկական ժողովրդական երաժշտությունը ժամանակակից էստրադային երաժշտության հետ։ Սիրուշոն ընդամենը 30 տարեկանում ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ 

Արամ MP3 հանդես է եկել եվրոպական երգի մրցույթում 2014 թվականին՝ կատարելով «Not Alone» («Մենակ չես» ) երգը:Երգիչը գրավիչ, ուժեղ, թեթևակի խռպոտ ձայն ունի։

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող բոլոր արտիստներից ամենահաջողակը մինչ օրս Rosa Linn-ն է։ Նրա Snap («Չրթացրու») երգը վիրուսային է դարձել TikTok-ում։ Բացի այդ երգչուհին ելույթ է ունեցել ԱՄՆ-ում՝ James Corden Tonight Show-ում և բացել է Էդ Շիրանի համերգները։

2023 թվականին Հայաստանը մրցույթին ներկայացրել է Brunette-ը ՝ «Future Lover» («Ապագա սիրելի») հուզիչ և քնքուշ երգով, որում անգլերեն տեքստը սահուն կերպպով փոխվում է հայերենի։

Ռեփ և հիփ-հոփ

Ռեփ և հիփ-հոփ կատարողների համար բարձր նշաձող է սահմանել «Մի Քանի Հոգի» («Mi Qani Hogi») խումբը։Չնայած այն հանգամանքին, որ խմբի երգերը հայերեն են, նրանց հաջողվել է երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել ԱՄՆ-ում։ Խմբի երգերի տեքստերում ունկնդիրները տեսնում են իրենց, կարդում իրենց մտքերը: Կարծես թե Mi Qani Hogi խումբը գտել է հիթի ստեղծման գաղտնիքը, քանի որ անգամ նրանք, ովքեր հայերեն չգիտեն, ցանկանում են շարժվել երգերի ռիթմի տակ։

Հայկական արմատներով այս երգչուհուն լավ ճանաչում են ԱՊՀ երկրներում՝ Քրիստինա Սի (Кристина Си):Նրա երաժշտությունը հիշվող է, երգերը բազմիցս հայտնվել են երաժշտական չարթերի առաջին հորիզոնականներում և դարձել հիթեր: Քրիստինան միախառնում է ռեփը, հիփ-հոփը և R&B-ն, նախընտրում է արագ, ռիթմիկ ստեղծագործություններ, բայց նրա երգացանկում կան նաև լիրիկական, մեղեդային երգեր։

Հայազգի ևս մեկ ռուսաստանցի երգիչ է Jeembo-ն։Կատարողին ոգեշնչում է ռեփեր Noize MC-ն, ինչպես նաև մռայլ և անգամ անդրշիրիմյան էսթետիկան, փողոցային ռոմանտիկան։ Jeembo-ն մանրակրկիտ աշխատում է երգերի վրա, երկար ժամանակ մշակում է ռիթմիկ օրինաչափությունը և կատարելագործում հանգը։

Xcho-ն հիթերը թողարկում է մեկը մյուսի հետևից: 2022 թվականին նա հաղթող է ճանաչվել «Տարվա բեկում» անվանակարգում՝ ըստ VK Music-ի։ Ռեփերն ուսումնասիրում է տարբեր թեմաներ՝ սիրուց մինչև էքզիստենցիալ և նույնիսկ գանգստերական:

Այժմ մեծ ճանաչում են վայելում Jakone և A.V.G շնորհիվ «Պլատին» («Платина») երգի և ընդհանուր առմամբ «Ֆորս մաժոր» ալբոմի։ Որոշ հանդեսներ այն անվանում են «տղայական» կամ «տղամարդկային» ռեփ։ Կատարողներին Xcho-ի հետ միավորում է քրեական ռոմանտիկայի նկատմամբ ձգտումը:

Էլեկտրոնային երաժշտություն

Hayk Karoyi սիրում է խառնել մշակույթները, հատկապես արևելյան միջերկրածովյանը և հայկականը: Նա շատ փորձարկումներ է անում հայկական ազգային երաժշտության հետ՝ միաժամանակ ավանդական գործիքներ նվագելով։ Հայկը կարողանում է զարմացնել ինչպես իրեն առաջին անգամ լսողներին, այնպես էլ իր երկրպագուներին։

Մեկ այլ երաժիշտ, ով սիրում է էլեկտրոնային գործիքային երաժշտությանը հայկական ժողովրդական մեղեդիներ ավելացնել, Hogh-ն է։Երաժիշտի համար կարևոր է իր յուրաքանչյուր ստեղծագործությամբ պատմություն պատմել, հետևաբար նրա ալբոմները տրամաբանորեն հաջորդում են մեկը մյուսին։

Դուետ Node (Անի Եղոյան և Վարդան Սարգսյան) նվագում է darkwave, synthwave և synthpop: Նրանց երաժշտությունը մռայլ է, սակայն միևնույն ժամանակ պարելու և երաժշտության մեջ տարրալուծվելու ցանկություն է առաջացնում։

Dreamy0psis-ը դուր կգա նրանց, ովքեր լսում են հարդքոր տեխնո, գաբբեր և տրանս: Նրա կատարմամբ այս ժանրերը համատեղվում են հիփ-հոփի և ապակառուցողական ակումբային երաժշտության հետ։

«Մեծ երեկույթները», ինչպես գիտեք, տեղի են ունենում «մեր ակումբում»։ Ուստի մենք առաջարկում ենք ծանոթանալ երեւանյան ակումբներին, որտեղ երեկույթներ են կազմակերպում և ուր հրավիրում են վառ արտիստների։

Ջազ

Հայաստանն ու ջազը հին ընկերներ են։ Այստեղ կա նույնիսկ Հայաստանի պետական ջազ նվագախումբ, իսկ ինչ վերաբերում է տեղական խմբերին և կատարողներին, ապա դրանք բազմաթիվ են: Թվարկենք մի քանի նշանավոր արտիստների անուններ.

Տաթևիկ Հովհաննիսյանը նվաճել է ջազի սիրահարների սրտերը ոչ միայն ողջ ԽՍՀՄ-ում, այլ նաև ջազի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, ինչպես նաև Ավստրալիայում և Եվրոպայում։ Տարբեր երկրների հանդիսատեսին դուր էր գալիս, թե ինչպես են հայկական մոտիվները համադրվում ջազի հետ, և Տաթևիկին հրավիրում էին ելույթ ունենալու համաշխարհային բեմերում, ինչպիսիք են, օրինակ, Carnegie Hall-ը և Lincoln Center-ը:

Փոփ-ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը մեծ հաջողությունների էր հասել ԽՍՀՄ–ում։ Նա աշխատում էր ջազ նվագախմբում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Բելգիա տեղափոխվելուց հետո երգչուհին սկսեց ելույթ ունենալ եվրոպական հանդիսատեսի համար։

Այժմ Հայաստանում ամենասիրված և տաղանդավոր ջազմեններից մեկը դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն է։Նրա մասին հիացական արձագանքներ են տպագրում The Guardian-ը և The Telegraph-ը: Տիգրանը կատարում ամերիկյան ջազ, սակայն նրա ստեղծագործությունները կրում են նաև հայկական ազգային երաժշտության և նույնիսկ ռոքի և հևի մետալի ազդեցությունը:

Ջազի սիրահարների համար մենք ունենք մի հոդված, որում հավաքել ենք Երևանի գլխավոր ջազային վայրերը։

Շանսոն

Այստեղ պետք է ասել, որ շանսոնի ժանրն ունի մի քանի սահմանումներ։ Դա թե՛ ֆրանսիական ռոմանտիկ, լիրիկական երգն է, և թե՛, այսպես կոչված, հանցագործների երգերը։ Երկու ուղղություններում էլ հայտնի հայ կատարողներ կան։

Մաեստրո, ամբողջ աշխարհում ճանաչված մեծն շանսոնյե, 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող, ՀՀ Ազգային հերոս, այս ամենը և ոչ միայն Շառլ Ազնավուրի մասին է։Հայաստանում երևի չի գտնվի մեկն, ով չճանաչի շանսոնյեին։ Իր կարիերայի 85 տարիների ընթացքում Ազնավուրը բազմաթիվ ստեղծագործություններ է հեղինակել, որոնց թվում են նաև հայրենիքին նվիրված ստեղծագործություններ, օրինակ` «Autobiographie» («Ինքնակենսագրություն»), «Pour toi Arménie» («Քեզ համար Հայաստան») և «Ils Sont Tombés» («Նրանք ընկան»): Նրա ամենահայտնի երգերից են «La Bohême» («Բոհեմը»), «Une vie d'amour» («Հավերժական սեր») Միրեյ Մաթյեի հետ և «Les deux guitares» («Երկու կիթառ»): Շառլ Ազնավուրը երգել է ինչպես ֆրանսերեն, այնպես էլ ռուսերեն ու հայերեն։

Ռոզի Արմեն․ ինչպես և Շառլ Ազնավուրը, Հայաստանի և Ֆրանսիայի հպարտությունն է։ Երգչուհին իր կարիերայի սկզբում ընտրել է Արմեն կեղծանունը, որպեսզի բոլորն իմանան նրա հայկական ծագման մասին։ Նա նույն բեմում ելույթ է ունեցել Ջոնի Հոլիդեյի և արդեն հիշատակված Շառլ Ազնավուրի հետ, համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և բազմաթիվ այլ երկրներում։

Իսկ մյուս տեսակի, այսպես կոչված, գողական շանսոնում հայտնի է երգիչ Բոկան։Նրա երգացանկում կան նաև նոստալգիկ, սիրո մասին երգեր։ Բոկային ոգեշնչել են Վլադիմիր Վիսոցկու և Արկադի Սեվերնիի ստեղծագործությունները, որոնց երգերը նա նույնպես կատարել է։

Հեղինակային երգ

Ռուբեն Հախվերդյանը հայտնի հայ բարդ, կիթառահար և երաժիշտ է։ Նա հայկական հեղինակային երգի ակունքներում կանգնած կատարողներից է։ Հախվերդյանի երաժշտությունը մեղեդային է, հուզիչ ու քնքուշ։ Նրա երգերը լսում են նաև Հայաստանից դուրս․ հեղինակ-կատարողին ճանաչում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իտալիայում։

Դավիթ Ամալյանը նույնպես հյուրախաղերով հանդես է գալիս Եվրոպայում և կատարում իր ստեղծագործությունները: Նա երգում է սիրո մասին, իսկ վերջին տարիներին Ամալյանի ստեղծագործության կարևոր մաս են դարձել հայրենասիրական երգերը։

«Ն ախագիծ LA» խումբը («Project LA») կատարում է Լևոն Արևշատյանի երաժշտությունը, այստեղից էլ խմբի անվան մեջ առաջացել է LA հապավումը։ Լեւոնը հմտորեն համատեղում է տարբեր ժանրեր՝ ժողովրդական, ռեգգի, ռոմանս: Երգերը հիմնված են հայ և արտասահմանյան բանաստեղծների հայտնի բանաստեղծությունների վրա, օրինակ՝ Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Էդգար Ալան Պոյի և Ջորջ Գորդոն Բայրոնի։

Դասական երաժշտություն

Ջութակահար Արա Մալիքյանը մարդ-փոթորկի է։ Նրա կատարումները միշտ զգացմունքային և աշխույժ են, նա իսկական շոու է ցուցադրում։ Պատճառը գուցե հայկական և իսպանական կոլորիտների խառնուրդն է։ Արան հիմնել է «Paganini» քառյակը, որի հետ նվագում է հայտնի դասականներ Շոպենի, Վիվալդիի, Մոցարտի, իհարկե, հենց Պագանինիի երաժշտությունը։ Երաժիշտները կատարում են նաև ռոք, փոփ և ջազային ստեղծագործություններ:

Եկեք խոսենք մեկ այլ ջութակահարի մասին՝ Սերգեյ Խաչատրյանի։Նա առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի կազմում ընդամենը 9 տարեկանում։ Իսկ 15 տարեկանում արդեն առաջին տեղն է զբաղեցրել Ժան Սիբելիուսի ջութակահարների միջազգային մրցույթում՝ դառնալով ամենաերիտասարդ հաղթողը։ Սերգեյը հրավերներ է ստանում աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի կողմից, նա մեր ժամանակների ամենանշանավոր ջութակահարներից է։

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 31 տարի շարունակ Հայաստանը ներկայացնում է բազմաթիվ միջազգային մրցույթներում։ Հովերը հպարտանում է, որ նույն բեմում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի, Գիդոն Կրեմերի, Բրոնիուս Կուտավիչյուսի և այլ նշանավոր երաժիշտների հետ։

Օպերա

Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր օպերային կատարողներ կան։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լուսինե Զաքարյանը հավերժ կմնա իր ժողովրդի հիշողության մեջ: Նրա պատվին Երևանում փողոց է անվանակոչվել, բացվել է հուշատախտակ, ծննդյան 75-ամյակի կապակցությամբ թողարկվել է փոստային նամականիշ։ Լուսինեն սիրում էր հայկական ժողովրդական և հոգևոր, ինչպես նաև դասական երաժշտությունը։

Կարծես Լուսինե անունով աղջիկներին պարզապես վիճակված է օպերային երգչուհիներ դառնալ։ Ամերիկաբնակ հայ երգչուհի Լուսինե Ամարան դարձել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի աստղը։ Իր հիանալի սոպրանոյով նա կատարում է երգեր, այդ թվում՝ հայերեն՝ փառաբանելով հայրենի երկիրը և օտարերկրացի ունկնդիրներին ներկայացնելով հայկական մշակույթը։

«Մետրոպոլիտեն» օպերայի ևս մեկ աստղ Հայաստանից՝ Հասմիկ Պապյան։. Բելլինիի «Նորմա» օպերայում համանուն դերի կատարման համար The Washington Post-ը Հասմիկ Պապյանին անվանել է մեր ժամանակների լավագույն Նորմա։ Օպերային երգչուհին ելույթ է ունենում նաև Վիեննայի օպերայում, Բաստիլի օպերայում և Լա Սկալայում։

Հասմիկ Պապյանի հետ նույն բեմում փայլել է նաև Բարսեղ Թումանյանը ՝ երգիչ, ով 29 տարեկանում դարձել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ։ Կարելի է հաշիվը կորցնել՝ թվարկելով բոլոր օպերային թատրոնները, որտեղ նա ելույթ է ունեցել, միայն նշենք, որ Բարսեղ Թումանյանի բասը գնահատել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Եվրոպայի հանդիսատեսը։

Անուշ Հովհաննիսյանը փայլում է Մեծ Բրիտանիայի բեմերում: Քննադատները նշում են, թե որքան հմտորեն է նա տիրապետում իր սոպրանոյին և այն անվանում են շողացող ու նուրբ: Արտերկրում գտնվելով՝ Անուշը չի մոռանում Հայաստանի մասին և օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնում Կոմիտասի երաժշտությանը։

Ազգային երաժշտություն

Մեկ անգամ չէ, որ նշեցինք, որ այս կամ այն արտիստը դիմում է հայկական ժողովրդական երաժշտությանը և ոգեշնչվում դրանով։ Իսկ հիմա խոսենք նրանց մասին, ովքեր իրենց ողջ ստեղծագործությունը կառուցում են ժողովրդական երաժշտության վրա։

Եվ առաջինը պետք է նշել Հայրիկ Մուրադյանի անունը։Ենթադրվում է, որ հենց նա է ազդել հայկական ժողովրդական երաժշտության վերածննդի վրա։ Հայրիկը շփվել է գյուղացիների հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին, այդ թվում՝ երգերին, նոր շունչ հաղորդել բանավոր արվեստին։ Նա հին հայկական երգեր է ձայնագրել ռադիոյի համար, նրա կատարումները նկարահանվել են։ Հայրիկ Մուրադյանը մի քանի անսամբլներ է հիմնադրել։

Խոսելով անսամբլների մասին՝ պետք է նշել, որ ժողովրդական երաժշտության զարգացմանն ու տարածմանը նպաստում են «Ակունք», «Մասունք», «Կարին», «Մարաթուկ», «Վերադարձ» խմբերը։Նրանք հանդես են գալիս ժողովրդական տարազներով, նվագում են հայկական նվագարաններ, հաճախ հանդես են գալիս ավանդական պարերով։ «Kayt» խումբը ունկնդրին առաջարկում է հայկական երաժշտություն՝ նոր մշակումներով։ Մշակումների մասին խոսելով՝ չի կարելի չնշել «Element Band»-ի մասին։Երաժիշտները որպես հիմք ընդունում են հայկական ժողովրդական երաժշտությունը և այն համատեղում լատինական և միջերկրածովյան երաժշտության հետ։ Իսկ ավանգարդ-ֆոլկ կատարում է «Կաթիլ» խումբը։

«Սաղսարա» («Saghsara») խումբը զբաղվում է ազգագրությամբ։ Մասնակիցները արշավներ են կազմակերպում դեպի քաղաքներ և գյուղեր՝ փորձելով հնարավորինս շատ հայկական երգեր պահպանել։ «Սաղսարայի» ճամփորդություններին կարելի է հետևել իրենց YouTube ալիքում։.

Լիլիթ Պիպոյանը ևս վերակենդանացնում է հայկական մոռացված ստեղծագործությունները, բայց նախապատվությունը տալիս 20-րդ դարասկզբի կոմպոզիտորներին։

Ափո Սահակյանը (Apo Sahagian) հավաքում և ուսումնասիրում է տարբեր բարբառներ, այդ թվում՝ անհետացող բարբառներ, որպեսզի հետագայում դրանցով երգեր կատարի։ Այսպիսով, երգիչը երկրորդ կյանք է հաղորդում այս բարբառներին՝ ընդգծելով, որ դրանք չպետք է մոռանալ։

Ժողովրդական երգերը Գարիկի և Սոնայի կատարմամբ թեթև, կենսուրախ հնչողություն են ստանում։ Հանդիսատեսը չի կարողանում չպարել ու չժպտալ։ Խումբն ապացուցում է, որ ավանդական երաժշտությունը հնարավոր է հիանալի համադրել էլեկտրոնային և փոփ-ռոք երաժշտության հետ:

Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը կատարում է կամերային, հոգեւոր երաժշտություն։ Նրա երգացանկի մեծ մասը կազմում են Կոմիտասի ստեղծագործությունները։

Կոմիտասի երաժշտությունը կատարում է նաև «Խազեր» երգչախումբը։Բացի այդ, երգչախմբի անդամները ճամփորդում են հայկական հեռավոր գյուղեր և երեխաներին ծանոթացնում մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններին։

Ժողովրդական գործիքների հնչողությանն առաջարկում ենք ծանոթանալ Նորայր Քարտաշյանի կատարմամբ, ով նվագում է դուդուկ, զուռնա, բլուլ, շվի, պկու և պարապզուկ։

Եթե հետաքրքրված եք ոչ միայն ժողովրդական երաժշտությամբ, այլ նաեւ պարով, ապա առաջարկում ենք կարդալ աՀայկական ազգային պարեր. ի՞նչ և ինչպե՞ս են պարում հայերը։

Ռեգգի

Դժվար է ասել, թե որ ժանրին է պետք դասել «Ռեինկառնացիա» խմբի ստեղծագործությունները։Կարիերայի սկզբում խումբը ռոք երաժշտություն էր կատարում, այնուհետև անցավ ռեգգիին, իսկ հիմա կատարում է ֆոլկ երաժշտություն։ Եվ, այնուամենայնիվ, մենք այս խումբը կդասենք ռեգգի ժանրին, քանի որ «Reincarnation Orchestra»-ն հայտնի է դարձել որպես Հայաստանում առաջին ռեգգի խումբ։ Ստեղծագործությունները դրական տրամադրություն են հաղորդում ունկնդիրներին և լցնում էներգիայով՝ շնորհիվ հայկական և աֆրիկյան մեղեդիների համադրության։

Այլ նախագծեր

Ունկնդրին ժամանակակից հայ կատարողների հետ է ծանոթացնում Kami Friends երաժշտական նախագիծը։ YouTube-ի ալիքի հեղինակները երաժիշտներին հրավիրում են իրենց ստուդիա և նրանց հետ ստեղծում հայտնի երգերի յուրահատուկ մշակումներ։ Սա կարելի է անվանել ռուսական LAB և արգենտինական Bizarrap նախագծերի հայկական տարբերակը։

Երգահաններ

Ինչպես արդեն հասկանում եք, երգահան Կոմիտասը հսկայական ազդեցություն է գործել հայկական երաժշտության վրա։ Նա բացահայտել է խազերի՝ միջնադարյան հայկական նոտագրության գաղտնիքը և աշխատել է հայկական առաջին օպերայի վրա, որը, ցավոք, այդպես էլ չի ավարտել։ Նրա ստեղծագործությունները մինչ օրս կատարվում են, իսկ Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնում խաղում են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացումը:

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կրում է կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարովի (Սպենդիարյանի) անունը։Սպենդիարյանը ռուս նշանակվոր կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի աշակերտն էր, ինչպես նաև հայկական ազգային սիմֆոնիկ երաժշտության և Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից։

Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում կա նաև համերգասրահ, որը կրում է Արամ Խաչատրյանի անունը։Կոմպոզիտոր և դիրիժոր Խաչատրյանի ստեղծած մեծագույն գործերից են «Վալսը» «Դիմակահանդես» բալետի համար, «Սուսերով պարը» Հայաստանի ազգային հպարտությունը դարձած «Գայանե» բալետի համար, «Ադաջիոն» «Սպարտակ» բալետի համար։

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները լցված են լույսով, բարությամբ և ուրախությամբ: Նրա համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հայրենի երկիրը՝ Հայաստանը։ Բաբաջանյանը երաժշտություն է գրել Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Անդրեյ Վոզնեսենսկու և Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների հիման վրա։

Միքայել Թարիվերդիևը բացառիկ բեղմնավոր կոմպոզիտոր է։ Նա գրել է երաժշտություն ֆիլմերի և ներկայացումների համար, ինչպես նաև բալետներ, կոնցերտներ և օպերաներ։ Իսկ թե կոնկրետ քանի ստեղծագործություն է գրել կոմպոզիտորը, մինչ օրս հայտնի չէ։

Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանըևս հայկական արմատներ ունի։ Նա արժանացել է երեք «Օսկարի», ստացել է «Ոսկե Գլոբուս», BAFTA և հինգ «Գրեմմի» մրցանակներ։ Միշել Լեգրանը հրավերներ է ստցել աշխարհի տարբեր երկրներից և աշխատել է Հոլիվուդում։

Հայ երաժիշտների ստեղծագործությունները բազմազան են, բազմակողմանի, սակայն դրանցում անշուշտ զգացվում են ազգային մեղեդիները։ Ծանոթացեք հայկական երաժշտությանը, լսեք հայկական երաժշտություն, բացահայտեք նոր երաժիշտների և նոր հնչողություն։

Եթե տեղափոխվել եք Հայաստան և ցանկանում եք ավելին իմանալ երկրի մասին, հետևեք անվճար միջոցառումների հայտարարություններին Move2Armenia Culture. Միասին կազմակերպում ենք պատմության դասախոսություններ, ճամփորդություններ թանգարաններ, պարի, խոհարարության և հայոց լեզվի դասեր։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
մշակույթը
Ժամանցի վայրեր
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Ու հնչեց երգը… Կամ պատմություն հայ երաժիշտների ու երգահանների մասին
  • Նատալյա
    15.08.2023 в 00:12

    Հաճույքով եմ լսել Ազնավուրի երգերը

Ավելացնել մեկնաբանություն
Սա հետաքրքիր է