Հայաստանի մայրաքաղաքում չես ձանձրանա. ամեն շաբաթ տեղի են ունենում համերգներ, հանդիպումներ, դասախոսություններ, ստենդ-ափներ, ներկայացումներ...Իսկ ովքե՞ր են կանգնած այս բարդ և ժամանակատար աշխատանքի հետևում։
Քրիստինա Բաբայանը միջոցառումներ էր կազմակերպում Մոսկվայում, ուներ 3000 հոգու համար նախատեսված սրահ, ինչպես նաև ռուսական հայտնի մի խմբի տնօրենն էր։ Երեք տարի առաջ նա եկավ Երևան, սիրահարվեց քաղաքին և չցանկացավ հեռանալ։ Այժմ Քրիստինան կազմակերպում է ռուս երաժիշտների համերգներ Երևանում և օգնում է գործընկերներին։ Քրիստինայի հետ զրուցեցինք հայաստանյան համերգային ոլորտի առանձնահատկությունների մասին։
Քրիստինա, հիշու՞մ եք Ձեր առաջին երևանյան համերգը։
Այո՛, իհարկե։ Աննա Եղոյանի համերգն էր Սունդուկյանի անվան թատրոնում՝ իմ ամենավառ հիշողություններից մեկը։ Ես Աննային շատ եմ սիրում, նա լավ մարդ է, պրոֆեսիոնալ, հաճելի է նրա հետ աշխատելը, հրաշալի պոեզիա ունի։ Ես չէի անհանգստանում այդ համերգի համար։ Թատրոնում աշխատելը միշտ ավելի հարմար է․ այնտեղ արդեն կան մասնագետներ, ովքեր գիտեն, թե ինչպես ճիշտ կարգավորել լույսերը և ձայնը։ Այնտեղ միշտ հասանելի գներ են, բարեկիրթ միջավայր, հանդիսատես, ուստի լրացուցիչ անվտանգության ուժեր ներգրավելու կարիք չկա։
Լուսանկարը՝ Facebook tomsarkgh.am
Ի՞նչն է Ձեզ դուր գալիս Երևանում, ինչո՞վ է այստեղի աշխատանքը տարբերվում Մոսկվայի աշխատանքից։
Ամեն ինչի մասին կարող ես պայմանավորվել հինգ րոպեում՝ սեփականատիրոջը կատարած մեկ զանգով: Այստեղ գործում է ոչ թե յոթ, այլ մեկուկես ձեռքսեղմումի կանոնը (այդ իսկ պատճառով շուկա մտնելը հեշտ է): Ռուսաստանում, որպեսզի ալկոհոլային խմիչքի հովանավոր գտնես, պետք է խոսես վաճառքի մենեջերի, մարքեթինգի տնօրենի և այլ մարդկանց հետ։ Նրանք մոնիտորինգ են անում, քննարկում են, թե որքանով է ձեր լսարանը համընկնում իրենց լսարանի հետ, քննարկում են, թե ինչ բյուջե կարող են տրամադրել, մինչդեռ բյուջեն մեկ տարի առաջ արդեն հաստատված էր։ Հայաստանում միջոցառումից մեկ ամիս առաջ կարող ես գտնել հովանավորի, ով պարզապես կհարցնի, թե որքան գումար է քեզ պետք։ Իսկ սրահների սեփականատերերը դրանք վարձով են տալիս առանց կանխավճարի, բայց, համապատասխանաբար, առանց պայմանագրի։
Սա իր բացասական կողմն ունի․ բոլորն աշխատում են «ընկերոջ զանգ» ծառայության միջոցով, հակառակ դեպքում՝ քեզնից «գումար կպոկեն» և լավ չեն աշխատի: Գուցե հեշտ է համաձայնության գալ, բայց իրականում ոչ ոք ձեզ ոչինչ չի երաշխավորում։
Տեղացի գործընկերների հանգստությունը ինչ-որ տեղ դրական է, քանի որ եթե որևէ բան չստացվի, ոչ ոք քեզ ոչինչ չի ասի։ Բայց սխալների վրա աչք փակելն, իհարկե, ճիշտ չէ։
Какие трудности работы в Армении?
Առանձին պետք է նշել կանանց նկատմամբ վերաբերմունքի մասին։ Հանդիպումների պետք է գնալ տղամարդու հետ, հակառակ դեպքում քեզ ընդհանրապես չեն ընդունի։ Որպեսզի մարդիկ լսեն քեզ և հետևեն քո հրահանգներին, պետք է առավելագույնս խիստ և հստակ լինես՝ առանց, այսպես ասած, կանացի մոտեցման: Եվ որոշակի ժամանակ անց քեզ հետ սկսում են աշխատել, ինչպես հավասարը՝ հավասարի։
Անհասկանալի հարկային համակարգը, հապավումների մի ամբողջ փունջ՝ բացի ԱՁ-ից ու ՍՊԸ-ից։ Ընդ որում, իրենք՝ հաշվապահները, չեն առաջարկում օպտիմալացնել ծախսերը։
Միայն վերջին տարիներին են բացվել վայրեր, որտեղ լավ տեխնիկական հագեցվածություն, հրդեհային անվտանգության վերահսկողություն, անհրաժեշտ քանակությամբ ելքեր, հրակայուն նյութեր, ահազանգման համակարգ կա և այլն։ Ես ինը ամիս եմ ծախսել Մոսկվայում մի ակումբի վերանորոգման վրա և անգիր գիտեմ բոլոր պահանջները, ուստի այստեղի թերություններն անմիջապես աչքի զարնեցին։
Այստեղ տեխնիկները համերգի ժամանակ բեմի հետևում չեն, նրանք միայն դահլիճում են։ Բայց չէ՞ որ, եթե ինչ-որ բան պատահի, պետք է դահլիճի միջով վազել դեպի բեմ:
Շատ կազմակերպիչներ են հայտնվել, նրանց համերգները կարող են տեղի ունենալ նույն օրը։ Հանդիսատեսը երկընտրանքի առջև է կանգնում՝ ում համերգին գնալ, արդյունքում՝ դահլիճները կիսադատարկ են։ Մենք պետք է ներսում պայմանավորվենք և չխանգարենք միմյանց։
Ո՞ր համերգն էր ամենադժվարը կազմակերպել։
Xcho-ի համերգը Հմալիրում 2023 թվականի օգոստոսի 12-ին: Մենք պետք է լուծեինք արտիստի առաջին մեծ մենահամերգի կազմակերպման խնդիրը և ընտրեցինք Մարզահամերգային համալիրը: Սա միակ փակ համերգասրահն է Հայաստանում, որտեղ միաժամանակ կարող է գտնվել մինչև 10 000 մարդ: Սա այն մակարդակն է, որից հետո արտիստը բարձրացնում է իր կարգավիճակը։
Սակայն մեծ խնդիր դարձավ այս հսկայական սրահում օդորակման համակարգի բացակայությունը։ Երևանում ամռանը ջերմաստիճանը կարող է 45℃ լինել, և փակ տարածքներում պետք է անպայման օդորակման համակարգ լինի։ Շենքը պետական է, ըստ ամենայնի, սուբսիդավորում է հարկավոր։ Համոզված եմ, որ օդորակման համակարգով համերգասրահն ավելի շատ կարելի էր օգտագործել և մեկ տարվա ընթացքում փոխհատուցել ծախսերը։
Նման մեծ տարածքները լոգիստիկայի և անվտանգության առումով շատ բարդ են, և դրա հետ կապված նույնպես խնդիրներ կային: Այս մասշտաբի համերգներ անցկացնելիս, հատկապես մեր բուռն ժամանակներում, կարևոր է անվտանգության ապահովումը։ Եվ ես շատ եմ ցանկանում, որ իմ գործընկերները ցանկացած միջոցառում պլանավորելիս անվտանգության վրա գումար չխնայեն , իսկ սրահները տրամադրեն այդ ծառայությունը։
Լուսանկարը՝ Tomsarkgh.am
Պատմեք միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունների մասին, երբ պատերազմի պատճառով հասարակության մեջ լարվածություն կա։
Արտիստը կարող է քննադատության ենթարկվել իր ելույթների համար, բայց ես դա չեմ հասկանում։ Չի կարելի հավերժ սգալ, մարդիկ կարիք ունեն մեկուկես-երկու ժամով շեղվելու։ Երբ կյանքի իմաստը կորչում է, նման լուսավոր պահերը ապրելու խթան են հանդիսանում։
Հայաստանում երբեք ընդունված չի եղել տոմսերը նախապես գնել, իսկ հիմա՝ առավել եւս։ Ամենաթեժ վաճառքները տեղի են ունենում երկու օր առաջ: Կազմակերպչի համար սա անընդհատ լարված վիճակ է: Բացի այդ, դուք պետք է ունենաք B և C պլաններ այսօրվա անկանխատեսելի պայմաններում:
Պետք է տեղյակ լինեք արտիստի քաղաքական դիրքորոշմանը, թե որքանո՞վ է այն համընկնում հանդիսատեսի տեսակետի հետ, ստուգեք նախապատմությունը, դիտեք հարցազրույցներ: Կան մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն ասում, պարզապես արհամարհանքով են վերաբերվում երկրին, և հանդիսատեսը սա զգում է։ Իսկ վերջերս ռեփեր Andro-ի հետ կապված մի դեպք տեղի ունեցավ․ պարզվեց, որ նա բաժանորդագրված է եղել ադրբեջանցու պատկանող լեյբլի և բարձրացրել է Ադրբեջանի դրոշը։ Համերգը չեղարկվեց, հակառակ դեպքում ակտիվիստները խոստացել էին փակել դեպի համերգասրահ տանող ճանապարհը։
Է՞լ ինչն է կարևոր արտիստի ընտրության և գովազդային արշավի իրականացման համար:
Պետք է ընտրել արտիստներին՝ ելնելով ոչ միայն ռուսաստանցիների շահերից։ Նրանք բավականաչափ խնդիրներ ունեն, ոչ բոլորը կարող են ժամանակ և գումար գտնել համերգների համար: Կարևոր են տեղացիները. ընդ որում նրանք կարող են չիմանալ երգչին, բայց հիշել նրա դեմքը, չհիշել դեմքը, բայց իմանալ երգերը: Գովազդային արշավը կառուցվում է՝ հաշվի առնելով հենց այս նրբությունները:
Այստեղ թիրախային գովազդի կարիք չկա, քանի որ երկիրը փոքր է։ Այստեղ մեծ պաստառ են սարքում, որ բոլորը տեսնեն։ Քաղաքում գտնվող պաստառները գործնականում գովազդի միակ միջոցն են (SMM-ի հետ միասին): Երևանում աշխատում են բաց գույնի պաստառներն ու երգչի դեմքը, քանի որ ամեն ինչ չէ, որ լուսավորված է, և շուտ է մթնում։ Տեղը կախված է թիրախային լսարանից, ինչպես, իդեպ, վճարային համակարգը: Օրինակ՝ երիտասարդներն ավելի շատ օգտվում են iDram-ից, իսկ մեծահասակները՝ Tomsarkgh-ից և TelCell-ից։
Фото из личного архива Кристины Бабаян и Instagram Respect Project
Ինչի՞ն, բացի վերը նշվածից, պետք է պատրաստ լինեն ռուսաստանցի կազմակերպիչները։
Առաջինը, ինչին հանդիպում են Հայաստան եկած կազմակերպիչները, «մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի» մտածելակերպն է: Մոսկվայում ասում ես. «Ես ուզում եմ, որ այսպես լինի», և դուք սկսում եք քննարկել, թե ինչ է պետք փոխել։ Այստեղ քեզ ասում են՝ «Ամեն ինչ կա», և անում են այնպես, ինչպես ճիշտ են համարում։ Օրինակ՝ արտիստի ռայդերում նշված է Evian ջուր, սակայն միջոցառումից հինգ րոպե առաջ դու հանդերձարանում տեսնում ես «Ապարան» ու լսում ի պատասխան․ «Չէ՞ որ մեր ջուրն ամենահամեղն է»։ Նույնը վերաբերում է տեխնիկական պահանջներին։
Չափանիշների ընկալումը տարբերվում է. մոսկովյան «միջինից բարձրը» դա բարձր մակարդակն է Երևանում։ Երբ ռուսաստանցիները գալիս են ու փորձում պատմել, թե ինչպես պետք է աշխատել, տեղացիներն ավելի հավանական է, որ կհրաժարվեն, քանի որ սովոր են աշխատել յուրովի։ Արդյունքում կազմակերպիչը զիջում է, որպեսզի ամրագրված միջոցառումը տեղի ունենա։
Կա այսպիսի մի հասկացություն՝ «հայավարի», դա մոտավորապես նման է «ռուսական ռուլետկա»-ին․ երբեք չգիտես, թե որ պահին որ թաղամասում կանջատվի հոսանքը և որ սարքավորումը կփչանա։ Նույնիսկ հսկայական փորձ ունենալով՝ հնարավոր չէ կանխատեսել խնդիրները Հայաստանում։ Դա միշտ փորձություն է, որը միայն գիտելիքներ է ավելացնում ապագայի համար։
Հայաստանում չեն սիրում փաստաթղթերով աշխատել, բանավոր պայմանավորվածությունն ու «խոսքն» ավելի մեծ կշիռ ունեն։ Մոսկվայում մենք սովոր ենք պայմանագիր կնքել արտիստի, սրահի, տոմսարկղերի, քաղաքապետարանի հետ, և դա պարտադիր պայման է, որը կօգնի լուծել տարաձայնությունները և պարտավորեցնել երկու կողմերին հստակ կատարել իրենց աշխատանքը։ Այստեղ շատերը վիրավորվում ու տարակուսում էին, երբ ես խնդրում էի պայմանագրի կմախքը, որպեսզի փաստաբանները կարողանան ծանոթանալ պայմաններին։
Եվ վերջում՝ հարթակների մասին։ Ժանրի բոլոր օրենքներով՝ վարձակալած հարթակը պետք է պատրաստ լինի՝ մաքուր, անձնակազմով և սարքավորումներով՝ համաձայն պայմանագրում նշված նվազագույն պայմանների։ Իսկ իրականում դու ինքդ ես վերջնական տեսքի բերում հարթակը, ինչը հանգեցնում է հավելյալ ծախսերի ինչպես ժամանակի, այնպես էլ բյուջեի առումով: Հայաստանում պետք է պատրաստ լինել, որ քեզ վարձով կտան չորս պատ տանիքով կամ բացօթյա մի սիզամարգ, որտեղ որպես բոնուս կլինի սարերի քամին և թարմ խոտի հոտը։
Դժվարությունները շատ են, իսկ ելք կա՞։
Ես ուզում եմ համախմբել կազմակերպիչներին և հարթակների սեփականատերերին, որպեսզի մենք ընկերանանք, փորձի փոխանակում իրականացնենք և բոլորի համար հարմար խաղի կանոններ ստեղծենք: Միասին կհաստատենք բիզնես էթիկա և կզարգանանք մինչև համաշխարհային մակարդակ։ Մենք կարող էինք հավաքել օտարերկրյա կազմակերպիչներին և պատմել, թե ինչ խնդիրների են բախվելու։ Այդ կերպ նրանք ավելի քիչ սխալներ թույլ կտային և, միևնույն ժամանակ, չէին խանգարի տեղացիների աշխատանքին։
Фото из личного архива Кристины Бабаян
Դուք այնքան սիրով եք խոսում Ձեր աշխատանքի մասին: Ինչո՞ւ եք սիրում այն:
Ես հաճույք եմ ստանում, երբ համերգից հինգ րոպե առաջ գալիս եմ դահլիճ՝ ուժասպառ, աշխատանքային հագուստով, նայում եմ, որ ամեն ինչ կարգին լինի, մի փոքր արտաշնչում եմ և հասկանում, որ այդ ամենը ես եմ կազմակերպել, և մարդիկ հիմա գալու են՝ վայելելու։ Իսկ երկրորդ պահը, երբ համերգն ավարտվում է, և բոլորը սկսում են ծափահարել։ Այդ զգացողությունը ոչ մի բանի հետ համեմատելի չէ։
Եվ մի երկու հարց վերջում. Respect Project-ն արդեն հրավիրել է Օլգա Բուզովային, Գուֆի համերգը տեղի կունենա ապրիլի 6-ին։. Какого российского артиста вы мечтаете привезти в Ереван?
Դուք չեք կարող հրավիրել այն արտիստին, որը ձեզ է դուր գալիս, դուք պետք է հաշվի առնեք ներքին շուկայի պահանջները: Բայց, եթե երազեմ, ապա շատ կցանկանայի Երեւանում տեսնել MiyaGi-ին։ Նա վաղուց համերգներ չի տալիս, բայց հուսով եմ, որ մի օր կվերադառնա բեմ։
Մեզ հուշեք՝ ո՞ւմ սպասենք Երևանում։
Բացահայտ չեմ կարող ասել, քանի որ նա շատ հայտնի և ցանկալի արտիստ է։ Նա երբեք այստեղ չի եղել, ու հաստատ կազմակերպչական բարդ աշխատանք է սպասվում, բայց ես բարդություններ սիրում եմ։
Հետաքրքրեցիք մեզ։ Ձեզ հաջողություն ենք մաղթում, շարունակեք ուրախացնել մեզ վառ իրադարձություններով, և թող դրանք նորանոր բարձունքներ նվաճեն։
Ավելացնել մեկնաբանություն